Ս.թ. մարտի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը և շրջակա միջավայրի քաղաքականության գծով փորձագետ Սոնա Այվազյանը բանախոսել են քաղաքացիական հասարակության «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծրագրի իրականացումը 2009թ.» զեկույցի քննարկման ընթացքում` ներկայացնելով կոռուպցիայի և բնապահպանության վերաբերյալ ԹԻՀԿ փորձագիտական գնահատականները: Միջոցառումը կազմակերպել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ) Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (ԲՀԻՕՀՀՄ) աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես է եկել ԲՀԻՕՀՀՄ գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: Լրատվության վերաբերյալ փորձագիտական գնահատական է ներկայացրել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, իսկ դատա-իրավական բարեփոխումների վերաբերյալ` իրավաբան, Զարգացման հայկական ինստիտուտի իրավաբան Հրայր Ղուկասյանը:

ԵՀՔ ծրագրի առաջին իսկ օրերից ԳՀԲՀ փորձագետները հետևել են մի շարք ոլորտներում գործողությունների ծրագրի իրականացմանը և տարեկան հաշվետվությունների տեսքով ներկայացրել ծրագրի ընթացքը: Սա ԳՀԲՀ անդամների և փորձագետների կողմից պատրաստված երրորդ տարեկան հաշվետվությունն է: