Փարիզ - ժնև - Երևան: Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան, Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:

Փետրվարի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ կայացրեց Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ:

2009 թ. հունիսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Կալանքը նրա նկատմամբ հետևել էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելության իրականացմանը: Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա և հետագայում ձերբակալել` առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ. սեպտեմբերի 16-ին:

Հոկտեմբերի 16-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 4 ամիս կալանքի տակ գտնվող Արշալույս Հակոբյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխարինել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց` լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ:

Մեր կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի:

Մեր կազմակերպությունները, այնուամենայնիվ, իրենց խոր մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով: ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի և Հայաստանի կողմից վավերացված տարածաշրջանային և միջազգային պայմանագրերի համաձայն: