Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), հետամուտ լինելով Հայաստանում թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության հաստատմանը, ս.թ. հունիսի 27-ին կազմակերպել է «Թեղուտի հիմնախնդիրը. ո՞րն է լուծումը» խորագրով հանրային քննարկում` նվիրված Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրներին։ Միջոցառմանը, որը կազմակերպել է ԹԻՀԿ-ը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, մասնակցել են շահագրգիռ պետական և մասնավոր կառույցների, ՀԿ-ների, լրատվամիջոցների, ինչպես նաև ազդակիր համայնքների չորս տասնյակից ավելի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված խնդիրները ներկայացրել է փորձագետ Արթուր Գրիգորյանը, ով ներկայումս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն է, մինչև 2018թ. հունիսի 21-ը ներկայացնում էր «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ն: Հանքավայրի ֆինանսավորման հետ կապված խնդիրները թեմայով բանախոսել է քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը: Ազդակիր համայնքի բնակիչների տեսակետը ներկայացրել են Շնողի բնակիչ Հովիկ Սահակյանը և Թեղուտի բնակիչ Ռայա Մելքոնյանը:

ՀՀ պետական կառույցների արձագանքը ներկայացրել են Բնապահպանության նախարարության, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Առողջապահության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները:

Քննարկմանը «Վալլեքսի» ներկայացուցիչները չէին եկել, սակայն նամակ էին ուղարկել, որում ասվում է․ ««Թեղուտ ՓԲԸ» լեռնահարստացուցիչ կոմբինատը պլանային, կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 2018 թվականի հունվարի 12-ից դադարեցրել է աշխատանքը։ Ընկերության ղեկավարությունը կայացրել է միակ պատասխանատու որոշումը՝ չվերագործարկել կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշնրը չեն համապատասխանեցվել ՀՀ օրենսդրական չափորոշիչներին»։

Միջոցառումն ուղիղ հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից

Տես միջոցառման լուսաբանումը հետևյալ լրատվամիջոցններում`

epress.am Թեղուտի հանքը պետք է անհապաղ փակվի, ընկերության դեմ` գործ հարուցվի
epress.am Հանքերի միջազգային ֆինանսավորողները հաճախ անտեսում են հայաստանյան օրենսդրությունը
aravot.am Թեղուտի շահագործումը դադարեցված է. պոչամբարի պատվարի կայունության խնդիր կա
armradio Որոնք են հանքարդյունաբերությունը շահագործելու ռիսկերը
azatutyun «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 27-ը հունիսի, 2018 36:40-40:00
ecolur.org «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին