«Ազատություն» TV-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռւպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը քննարկել են նոր կառավարության ծրագիրը, մասնավորապես Պայքար կոռուպցիայի դեմ բաժինը` անդրադառնալով նաև նոր կառավարության վարած հակակոռուպցիոն քաղաքականությանը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` կարևոր է, որ այս իշխանությունն ունի լեգիտիմություն և քաղաքական կամք, ինչի արտահայտությունն է համակարգային կոռուպցիայի դրսևորումներից մեկի` ճամպրուկով վերև փող տանելու բացահայտումը և բացառումը: ՀՀ կառավարության ծրագրի 6-րդ կետով սահմանված է պայքարը մենաշնորհների, արտոնյալ դիրք ունեցողների դեմ, և ըստ այդմ բացահայտվել է ՊԵԿ-ի նախկին ղեկավարության ստվերային համաձայնությունը 11 խոշոր առևտրային ցանցերի հետ, որով այդ սուպերմարտկետներին առավելություն էր տրվում:

Նախկինում իշխում էր պետության զավթման երևույթը որպես մեծ կոռուպցիայի դրսևորում, երբ խոշոր ֆինանսա-օլիգարխիկ խմբավորումնարն իրենք էին թելադրում այդ ոլորտում քաղաքականությունը: Այժմ փորձ է արվում դա կանգնեցնել և վերացնել: Հոկտանյանը համոզված է, որ այս պրակտիկան շարունակելու դեպքում լուրջ հաջողություններ կարելի է գրանցել:

Ստվերը հանելով կմեծանա ժողովրդի բարեկեցությունը, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը հաջող է լինում այն ժամանակ, երբ ժողովրդի բարեկեցությունը սկսում է մեծանալ:

Այնուամենայնիվ, Հոկտանյանը համոզված է, որ ամեն ինչ սկսվում է արդար և ազատ ընտրություններից: Ընտրությունների ինստիտուտի վերածնումը կլինի կոռուպցիայի դեմ պայքարի սկիզբը: Ծրագրում մեծ տեղ է հատկացված թափանցիկության ընդլայնմանը: Բայց թափանցիկությունից բացի շատ կարևոր է, որպեսզի լինի պատասխանատվության, հաշվետվողականության կոնցեպտի ներդրումը: