Ս.թ. հունիսի 7-ին Վաշինգտոնի Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամում տեղի է ունեցել «Անցումային Հայաստանը» թեմայով քննարկում, որի ընթացքում ջատագովության այցով ս.թ. հունիսի 3-ից 9-ը ԱՄՆ-ում գտնվող հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիրներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած իրողությունների արմատներին և ներկայիս կառավարության ծրագրին:

Քննարկման բանախոսներն էին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Քննարկումը վարել է Միրիամ Լանսկոյը Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամից: Այն ուղիղ հեռարձակել է «Ամերիկայի ձայնը» Վաշինգտոնից:

Սոնա Այվազյանի կարծիքով` Հայաստանում անհնազանդությունն անխուսափելի էր. մարդիկ գիտակցում էին, որ հնարավոր չէ քաղաքական վարչակարգի փոփոխության հասնել ընտրությունների միջոցով: Նա ներկայացրել է Հայաստանի առաջնահերթ խնդիրները` ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտությունը մինչ արտահերթ ընտրություն անցկացնելը, քաղաքական բանտարկյալների խնդրի լուծումը, կառավարության հակակոռուպցիոն քայլերը, նշելով, որ առաջին անգամն է, երբ ծավալվում է իրական պայքար կոռուպցիայի դեմ: Քանի որ քաղաքացիական հասարակությունն ու ներկայիս կառավարությունը դավանում են միևնույն արժեքները, որոնք խարսխված են ժողովրդավարության վրա, քաղաքացիական հասարակության պատասխանատվությունն է օգնել կառավարությանը ծրագրերն իրականացնելու գործում:

Տես Democracy Digest-ը, Scannews