2009-ին իրականացված հետաքննողական աշխատանքը արտացոլող միջազգային կազմակերպության 2010թ. Համաշխարհային զեկույցն ամփոփել է մարդու իրավունքների վիճակը աշխարհի ավելի քան 90 երկրներում և տարածքներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցն անդրադարձել է 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ անվտանգության ուժերի անհամարժեք մեծ ուժի գործադրման համար պատասխանատվության չենթարկվելուն, խոշտանգումներին և դաժան վերաբերմունքին, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում վստահված անձանց և դիտորդների ահաբեկմանը, ընդդիմադիր թերթերի լրագրողների վրա հարձակումներին, լրատվամիջոցների ազատությանը, հավաքների ազատությանը, իրավապաշտպաններին, ներառյալ բնապահպանի հանդեպ կեղծ մեղադրանքներին, գլխավոր միջազգային դերակատարներին:

Զեկույցում մասնավորապես նշված է. «Հայաստանի իշխանությունները դեռևս պատշաճ կերպով հետաքննություն չեն ապահովել 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժի գործադրման համար, որ հետևել է ՀՀ նախագահի փետրվարին անցկացված վիճահարույց ընտրություններին, իսկ դրանում մեղավորները պատասխանատվության չեն ենթարկել»:

«Թեև իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննությունն են իրականացրել ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել 2 առանձին դեպքում անհամաչափ ուժ կիրառելու համար»:

«Չնայած 2009թ. հունիսի 19-ի` նախագահի կողմից հայտարարված համաներմամբ շատերն ազատ արձակվեցին, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ, այսօր էլ շարունակում է ազատազրկված մնալ քաղաքական շարժառիթով պայմանավորված մեղադրանքով», - փաստում է «Հյումն Ռայթս Ուոթչ»-ը:

Լրատվամիջոցների ազատություն բաժնում «Հյումն Ռայթս Ուոթչ»-ը անդրադարձել է նաև «Ա1+» հեռուստաընկերությանը: Արդեն շուրջ յոթ տարի է հեռարձակման արտոնագիր չի ստանում «Ա1+» հեռուստաընկերությունը, չնայած դեռևս 2008 թվականի հունիսին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել անկախ հեռուստաընկերության օգտին:

Իշխանությունները շարունակել են սահմանափակել քաղաքացիների ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը սովորաբար տեխնիկական պատճառներով: Ընդդիմության հանրահավաք անցկացնելու 84 դիմումներից հավանության է արժանացել ընդամենը 28-ը: Ընդդիմադիր կուսակցություններն ու հասարական կազմակերպություններից մի քանիսը խոչընդոտների են հանդիպել նաև փակ տարածքներում միջոցառումներ կազմակերպելիս, իսկ ընդդիմության ցույցերի մասին իրազեկող երիտասարդները հարձակման են ենթարկվել իրավապահների կողմից:

Հեղինակավոր միջազգային կազմակերպություններն իրենց վերաբերմունքն են արտահայտել մարտյան դեպքերի կապակցությամբ, օրինակ` ԵԽԽՎ-ն չորս բանաձև է ընդունել Հայաստանի վերաբերյալ, իսկ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իր սկզբնական բյուջեից 64 միլիոն դոլար է կրճատել ճանապարհաշինության համար, քանի որ Հայաստանի կառավարությունը չի բավարարել քաղաքացիական ազատությունների վերաբերյալ ծրագրի պահանջները:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հյումն Ռայթս Ուոթչ» կազմակերպության վեբ կայքը, իսկ Հայաստանի վերաբերյալ զեկույցին` այցելելով http://www.hrw.org/en/node/87532