Ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» պարբերականի` ամենամյա տնտեսական ազատությունների համաթվի վերաբերյալ զեկույցի հրապարակած տվյալներով Հայաստանը 69.2 արժեքով 179 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը` նախորդ տարվա համեմատ 0.7 միավորով նահանջելով 7 հորիզոնականով: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը նշում է, որ չնայած համեմատաբար բարձր ցուցանիշին, տնտեսական ազատությունների 2010թ. համաշխարհային դասակարգման ընդհանուր համաթվի 10 բաղադրիչներից մեկի` կոռուպցիայից զերծ լինելու ցուցանիշով Հայաստանի տվյալները խիստ մտահոգիչ են. նույն դասակարգման մեջ այն զբաղեցնում է 111-116-րդ տեղերը` 29.0 արժեքով: Ընդհանուր համաթվից կոռուպցիայի բաղադրիչի շեղման արժեքով Հայաստանը գրավում է երկրորդ տեղը (40.2)` զիջելով միայն Ղրղըզստանին: Երրորդ տեղում Ադրբեջանն է:

Զեկույցում նշված է, որ կոռուպցիան լայնորեն տարածված է բոլոր մակարդակներում և ոլորտներում: Պետական պաշտոնյաների կողմից կաշառքի պահանջը ընկալվում է որպես սովորական երևույթ: Իշխանությունների հետ կապված գործարարները վերահսկում են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ապրանքատեսակների ներկրումը: Կոռուպցիայից զերծ լինելու ցուցանիշը որոշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի` կոռուպցիայի ընկալման համաթվով:

Տնտեսական ազատությունների համաթիվը հիմնված է տնտեսական ազատությունների 10 բաղադրիչների վրա. յուրաքանչյուրը գնահատված է 0-ից 100 միավորի շրջակայքում, որտեղ 100-ը ներկայացնում է առավելագույն ազատություն: 10 բաղադրիչների միավորներից հանվում է միջինը` որոշելով տնտեսական ազատության ընդհանուր համաթիվը յուրաքանչյուր երկրի համար: Տնտեսական ազատության 10 բաղադրիչներն են բիզնես ծավալելու ազատությունը, առևտրի ազատությունը, ֆիսկալ ազատությունը, կառավարության դրամական ծախսերը, դրամավարկային ազատությունը, ներդրումներ կատարելու ազատությունը, ֆինանսական ազատությունը, սեփականության իրավունքները, կոռուպցիայից զերծ լինելը և աշխատանքի ազատությունը:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության վեբ կայքը, իսկ Հայաստանի վերաբերյալ տվյալներին` http://www.heritage.org/index/Country/Armenia հասցեն: