Ս. թ. հունվարի 12-ին «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը հրապարակել է Ազատությունն աշխարհում 2010թ. զեկույցը: Զեկույցի համաձայն Հայաստանը արդեն 8 տարի շարունակ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, դասվելով մասամբ ազատ երկրների շարքը, քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների սահմանափակ պահպանմամբ` կոռուպցիայի, իրավունքի թույլ գերակայության պայմաններում, ուր տիրապետող է մեկ կուսակցություն` սահմանափակ բազմակարծության ձևական առկայությամբ: «Ֆրիդոմ հաուս»-ի գնահատմամբ Հայաստանում քաղաքական իրավունքներն արժանացել են 6, իսկ քաղաքացիական ազատությունները` 4 միավորի:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով («Ազատություն» ռադիոկայանի «Կովկասյան խաչմերուկ» հաղորդում, 17.01.2010թ.) ակնհայտ է, որ տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարությունը առաջընթաց չի ապրում, և այն արտացոլված է զեկույցում: Նման զեկույցներին հարկավոր է լուրջ վերաբերվել, և ռեալ բարեփոխումներ իրականացնել, այլապես հաջողություններ չենք ունենա և ոչ մի բնագավառում: Այս իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ մեր երկրում սերտաճած են բիզնեսն ու քաղաքականությունը: Մինչդեռ նման զեկույցները իշխանությունների կողմից լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում և քայլեր չեն ձեռնարկվում որևէ բան փոխելու ուղղությամբ: Այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քաղաքական և տնտեսական բուրգերը սերտաճած են, ե՛ւ քաղաքական ազատությունների, ե՛ւ քաղաքացիական հասարակության կայացածության, ընտրությունների նորմալ անցկացման, ե՛ւ իհարկե կոռուպցիայի իմաստով առաջընթաց չի արձանագրվի:

Խնդիրը որակի մեջ է և ոչ թե մասնակի ինչ-որ քանակական փոփոխությունների: Կարելի է երկրում ունենալ 70 կուսակցություն, բայց նորմալ ընտրություն չունենալ: Կարելի է դուրս գալ աղքատ երկրների կատեգորիայից և մտնել միջինից ցածր եկամուտ ունեցողների կատեգորիա, ինչպես Հայաստանում եղավ, բայց դրանից տնտեսական մոդելը չդարձավ ժամանակակից առաջադեմ երկրների, այսինքն` գիտատար բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված մոդել, և ոչ էլ երկիրը, այսպես ասած, միտք և մտքի արդյունք արտահանող երկիր: Իսկ այսպիսի համակարգում մենք երբեք դա չենք դառնա: Նաև, որպես կանոն, այս պարագայում կրճատվում է տարբեր ծրագրերի միջոցով երկրին տրամադրվող ֆինանսական օգնությունը: Այս տվյալները մտնում են այն աղբյուրների մեջ, որոնց հիման վրա Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը որոշում է կայացնում ում ընդգրկել, ում` ոչ: 2009թ. հունիսին ճանապարհաշինության հետ կապված մի բաղադրիչը փակվեց: Տարեցտարի նվազում է ԱՄՆ պետական օգնությունը:

Առաջընթացի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե փոփոխություններ լինեն կառավարման ներկա համակարգում: Հայաստանն ավելի մոտ է Լատինական Ամերիկայի երկրներին: 70-ականների խունտաների (Արգենտինա, Չիլի, Բրազիլիա, Ուրուգվայ, Բոլիվիա, Պերու) մեծ մասը հիմա ազատ երկրներ են, իսկ մյուսները` մասամբ ազատ, ընդ որում` շատ ավելի լավ վիճակում, քան թե Հայաստանը: Այսինքն` այդ իմաստով երևի իսկապես օպտիմիզմ ներշնչող պահ կա: Իսկ Հայաստանն ունի լուրջ պրոբլեմներ, որոնք այս համակարգը չի կարող լուծել: Առկա տնտեսական մոդելը նույնպես այս համակարգի ածանցյալն է:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության վեբ կայքը