Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում պետք են լուրջ բարեփոխումներ: Իսկ լուրջ բարեփոխումների համար պետք է նաև լուրջ օրենսդրական բազա լինի, լուրջ ռազմավարություն մշակվի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Այս փուլում նոր ձևավորված կառավարությունը օպերատիվ կառավարում պետք է իրականացնի, ավելի բարելավի օրենքների կիրարկումը: Դա ավելի նպատակահարմար է, քան, Ազգային ժողով օրենքների նախագծեր տանելը՝ իմանալով, որ այնտեղ լուրջ օլիգարխիկ կլանային շահեր ներկայացնողները մեծամասնություն ունեն: Այն օրենքները, որոնք այսօր կան, նույնպես հնարավորություն են տալիս բավական լուրջ քայլեր ձեռնարկել:

«Դրա համար պետք է այլ Ազգային ժողով լինի: Չեմ կարծում, որ ՀՀԿ մեծամասնության պայմաններում հնարավոր կլինի օրենսդրական լուրջ քայլերի գնալ: Դրա համար ներկա իրավիճակը գնահատում եմ որպես ժամանակավոր և հույս ունեմ, որ իսկապես աշնանը ժամանակ կգտնվի արտահերթ ընտրությունների անցակցման համար: Ոչ ուշ, քան աշնանը: Սա ես համարում եմ նախապայման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հակակոռուպցիոն, լուրջ քաղաքականություն տանելու առումով»,- ասել է նա:

«Ընդ որում, առաջին քայլը, եթե իսկապես կոռուպցիայի դեմ պայքարից ենք խոսում, պետք է լինի ընտրական գործընթացում կոռուպցիան բացառելը: Հույս ունեմ, որ քաղաքական այդ կոռուպցիայի տարածումը, որը տեսնում ենք ընտրությունից ընտրություն, եթե չլինի, շատ բան կփոխվի: Դա կլինի առաջին քայլը՝ հակակոռուպցիան լուրջ պայքար մղելու ճանապարհին: Իսկ հիմա օպերատիվ կառավարում ու օպերատիվ հարցերի լուծում պետք է լինի, ինչի արդյունքում հնարավոր կլինի դա անել», - նշել է Հոկտանյանը:

Տես Lragir.am-ի նյութը: