ԹԻՀԿ-ի նյութը Հայաստանում ծավալվող բողոքի ցույցերի վերաբերյալ տեղ է գտել ԹԻ բլոգում: Ստորև տես բլոգը

Վերջին մի քանի օրվա ընթացքում հազարավոր քաղաքացիներ երթի են դուրս գալիս մայրաքաղաքի փողոցներում՝ բողոքելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քայլերի դեմ, ով ապրիլի սկզբին իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո շարունակում է պաշտոնավարել՝ այժմ արդեն որպես վարչապետ:

Իշխանությունը պահելը տարածաշրջանում

Օրինակները բազմաթիվ են տարածաշրջանում, երբ քաղաքական առաջնորդները փորձում են պահել իշխանությունը իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինելով խորհրդարանականով, ինչպես Վրաստանում է, վերացնելով նախագահ ընտրվելու ժամկետային սահմանափակումները, ինչպես Ադրբեջանում է, հերթափոխելով նախագահի ու վարչապետի պաշտոնները ինչպես Ռուսաստանում է, որոշ նախկին խորհրդային պետությունների ղեկավարներ պատրաստ են ցանկացած քայլի դիմել իրենց իշխանությունը պահելու համար։

Նախագահից` վարչապետ

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, երբ ուղղակի ընտրություններով երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակվում էր հնգամյա տևողությամբ առավելագույնը երկու ժամկետով։ Այդ համակարգը, սակայն, վերջերս փոխվեց նախագահ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։

2008թ. փետրվարին ընտրակեղծիքներով և բռնություններով իշխանության գալով, նախագահ Սարգսյանը կեղծված ընտրություններով վերստին դարձավ նախագահ 2013թ. փետրվարին։ Իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ՝ երկրի կառավարման համակարգը փոխելով խորհրդարանական նոր համակարգի և մեկ կուսակցության իշխանություն հաստատելով խորհրդարանում։

Քննադատությանը պատասխանելով

2014-ին, արձագանքելով իշխանությունը պահելուն ուղղված քննադատությանը, նախագահ Սարգսյանն ասել է

«․․․պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: ․․․ ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Չնայած նախագահի հանդեպ հանրային ցածր վստահությանը, այս խոստումը, ընդհանուր առմամբ, ընդունվեց քաղաքացիների կողմից։

Սահմանադրական հանրաքվե

Համաձայն մի շարք զեկույցների` առաջարկված սահմանադրական փոփոխությունները ծառայել են Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքերն ուժեղացնելուն և Սերժ Սարգսյանի` ընդլայնված լիազորություններով ու ցածր խորհրդարանական վերահսկողությամբ վարչապետի պաշտոնն ապահովելուն: Ի հեճուկս ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ առարկությունների` սահմանադրական հիշյալ փոփոխություններն ընդունվել են 2015թ․ կեղծված հանրաքվեով։

Առկա քաղաքական իրավիճակը

2017թ. ապրիլի 2-ին երկրում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ստացավ ՀՀ Ազգային ժողովում (վեցերորդ գումարման ԱԺ 105 պատգամավորներից 58-ը ՀՀԿ-ից են)։ Սակայն, ընտրական գործընթացն ինքնին քննադատության արժանացավ, իսկ Հանրապետական կուսակցությունը հետագայում ձեռնամուխ եղավ կառավարման նոր համակարգին ուղղված բարեփոխումների գործընթացին։

Բարեփոխումներն ուղղված են վարչապետին գլխավոր լիազորություններով օժտելուն, ներառյալ պատերազմի ժամանակ որպես զինված ուժերի գերագույն հրամանատար հանդես գալը, ոստիկանության վերահսկողությունն ու անվտանգության խորհուրդը գլխավորելը։

Զարմանալի չէ, որ նոր բարեփոխումներով նախագահ Սարգսյանը ապրիլի սկզբին իր կուսակցության և խորհրդարանական խմբակցության կողմից միաձայն առաջադրվեց ՀՀ նոր վարչապետ:

Ֆրիդոմ Հաուսի վերջին զեկույցի համաձայն` նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը 2018-ին վատթարացել է[1]: Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր: Ավելին, Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը շարունակում է ցածր արդյունք ցուցաբերել: Հայաստանի ԿԸՀ 2017թ. արժեքն է 35[2]: Այսպիսի քաղաքական մթնոլորտում ձեռք բերելով կոռումպացված վարչակարգի համբավ, Հայաստանը հազիվ թե արժանանա ԵՄ, ԱՄՆ, այլ միջազգային կազմակերպությունների աջակցությանը:

Ակտիվիստները բողոքի ձայն են բարձրացնում

Մարտի կեսին նախագահ Սարգսյանի հնարավոր վարչապետ ընտրվելու դեմ ժողովուրդը սկսեց իր հիասթափությունն արտահայտել սոցիալական մեդիայում և փողոցում` հանդես գալով խաղաղ ցույցերով: Տարբեր խմբեր, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժի’ր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել:

Վերջերս հազարավոր մարդիկ վերցրեցին Ֆրանսիայի հրապարակը, որը Երևանի ամենակարևոր խաչմերուկներից է, իսկ հարյուրավորները օր ու գիշեր մնացին այդտեղ: Ապրիլի 16-ին վարչապետի ընտրության նախօրյակին ցուցարարները երթ կատարեցին գլխավոր փողոցներով, կաթվածահար անելով քաղաքը, իսկ ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեց` նետելով լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ 46 հոգի վիրավորվեց։

Ապրիլի 17-ին, երբ խաղաղ ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում, ոստիկանական ուժերը մեծածավալ էին: Ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց և տասնյակ ակտիվիստներ ապօրինաբար մեկուսացվեցին, ծեծի և բերման ենթարկվեցին ժամեր շարունակ մնալով առանց պատշաճ իրավաբանական օգնության: Ցուցարարներն ազատ արձակվեցին, միայն այն բանից հետո, երբ զինված ոստիկանական պատի և փշալարերի հետևում Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:

Ի պատասխան, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին քաղաքացիական անհնազանդության աննախադեպ շարժում ծավալել ողջ երկրում: Չնայած շատերը չեն կիսում Փաշինյանի քաղաքական դիրքորոշումը, որոշները հավատացած են, որ դա ժողովրդավարության իրենց վերջին հնարավորությունն է:

Ժողովուրդը բողոքում է Սերժ Սարգսյանի շարունակական պաշտոնավարման դեմ, ինչը հանգեցրել է տնտեսական ու սոցիալական արդյունավետ բարեփոխումների տապալմանը, երկրի արտաքին պարտքը հասցնելով 6.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, ավելացնելով անհավասարությունն ու անարդարությունը:

Դժբախտաբար, քանի որ հեռարձակվող լրատվամիջոցները վարչակարգի վերահսկողության տակ են, ցույցերի մասին քիչ տեղեկատվություն կա: Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքացիները կշարունակեն բողոքի իրենց իրավունքն իրացնել և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ժողովրդավարության խթանման պայքարում ընդդեմ կոռումպացված վարչակարգի:

Տես ԹԻ բլոգը voices.transparency.org-ում

Լուսանկարները՝ Հետքի ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի

[1] Ֆրիդոմ Հաուսի Հայաստանի ազգային զեկույցի համաձայն, նրա ժողովրդավարության ընդհանուր համաթիվը հավասար է 5.43-ի (1-ից 7 սանդղակում, որտեղ 1-ը ժողովրդավարական առաջընթացի բարձրագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ ամենացածր մակարդակը): Կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով այն երկրներն են, որոնց ժողովրդավարության ընդհանուր համաթվի արժեքը գտնվում է 5-ի և 6-ի միջև): Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը վատթարացել է 0.04 միավորով (5.39-ից 5.43)՝ էլ ավելի մոտեցնելով նրան լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների խմբին:

[2] Կոռուպցիայի ընկալման համաթիվը չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է, որ տվյալ երկրի հանրային ոլորտն ընկալվում է բացարձակ կոռումպացված, իսկ 100-ը` բացարձակ մաքուր: