Ս.թ. ապրիլի 11-ին հրապարակվել է Ֆրիդոմ Հաուս-ի Անցումային փուլում գտնվող պետություններ 2018թ. ընդհանուր զեկույցը, ինչպես նաև հետազոտության մեջ ներառված 29 նախկին կոմունիստական երկրների վերաբերյալ առանձին ազգային զեկույցները:

Հայաստանի ազգային զեկույցի համաձայն, նրա ժողովրդավարության ընդհանուր համաթիվը հավասար է 5.43-ի (1-ից 7 սանդղակում, որտեղ 1-ը ժողովրդավարական առաջընթացի բարձրագույն մակարդակն է, իսկ 7-ը՝ ամենացածր մակարդակը): Այս ցուցանիշով Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր (այդպիսի վարչակարգով երկրներն այն երկրներն են, որոնց ժողովրդավարության ընդհանուր համաթվի արժեքը գտնվում է 5-ի և 6-ի միջև): Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի համաթիվը վատթարացել է 0.04 միավորով (5.39-ից 5.43)՝ էլ ավելի մոտեցնելով նրան լիովին կոնսոլիդացված ավտորիտար երկրների խմբին: Ընդ որում այդ վատթարացումը հետևանք է միայն կոռուպցիայի ենթացուցանիշի վատթարացման, որը 5.25-ից դարձել է 5.50 (ժողովրդավարության ընդհանուր համաթվի արժեքը 7 ենթահամաթվերի արժեքների միջին թվաբանականն է): Կոռուպցիայի ենթահամաթվի վատթարացումը ազգային զեկույցի հեղինակի կարծիքով պայմանավորված է համակարգային կոռուպցիայի խորացմամբ, որը հետևանք է գործադիր, օրենսդիր և դատական իշխանության նկատմամբ ՀՀԿ-ի գերիշխանության կոնսոլիդացիայի և այն գնալով ավելացող փաստական ապացույցների, որ իշխանությունները կամք չեն դրսևորում՝ արմատախիլ անելու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի չարաշահումը:

Տես զեկույցը Ֆրիդոմ Հաուս-ի կայքում