Գլխավոր էջ Նորություններ Հետազոտական ծառայության մրցույթ
Նորություններ
2018 Փետ
20

Հետազոտական ծառայության մրցույթ

Թրանսփարենսի Ինթերնեշնլի Միացյալ Թագավորության ներկայացուցչության Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ՝ իրականացնելու Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթվի ուսումնասիրություն։  

Կազմակերպության և ծրագրի մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլը (ԹԻ) օրինավորության հաստատմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղված` առաջատար և աշխարհի ավելի քան 90 երկրներում գործող գլոբալ կազմակերպություն է: ԹԻ-ի Միացյալ Թագավորության ներկայացուցչությունն  իրականացնում է Պաշտպանության և անվտանգության ծրագիր, որի շրջանակում աշխատում է կառավարությունների, պաշտպանության ոլորտում ներգրավված ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ կոռուպցիան կանխարգելելու, հակակոռուպցիոն կարողությունները զարգացնելու և օրինավորությունը խթանելու նպատակով:

Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում մշակվել է պետությունների պաշտպանության համակարգերի հակակոռուպցիոն համաթիվ, որը պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի առաջին գլոբալ գնահատումն է։ Պաշտպանության հաստատություններում իրականացված  կոռուպցիոն ռիսկերի 2013 և 2015 թթ. գնահատումները  եղել են մամուլի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և կիրառվել են կառավարությունների կողմից` իրենց պաշտպանության հաստատություններում հակակոռուպցիոն պրակտիկան կատարելագործելու նպատակով:

Ծառայության նկարագրություն
ԹԻ Պաշտպանության և անվտանգության ծրագիրը հայտարարում է հետազոտական ծառայությունների մրցույթ: Պահանջվում են հետազոտողներ  իրականացնելու՝

  • կոռուպցիոն ռիսկերի գնահատում Հայաստանի պաշտպանության և անվտանգության հաստատություններում՝ ըստ սահմանված մեթոդաբանության
  • գրախոսություն Հայաստանի պաշտպանության և անվտանգության հաստատություններում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ

Պաշտպանության հաստատությունների օրինավորության համաթվի ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնված է երկրի պաշտպանության և անվտանգության հաստատություններին տրված գնահատականների ու կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ 75 հարց ներառող հարցաշարի մանրամասն պատասխանների վրա: Հետազոտությունը նախատեսում է ներառել նաև տվյալներ առաջնային աղբյուրներից: Հետազոտության շրջանակում նախատեսվում է կազմել երկրի քաղաքական և սոցիալական համատեքստի վերաբերյալ համառոտագիր և լրացված հարցաթերթի համաձայն ստացված հիմնական բացահայտումների ամփոփագիր: Գրախոսները պետք է ուսումնասիրեն գնահատման ամբողջական զեկույցը:

Հետազոտական ծառայության ընդհանուր տևողությունը կկազմի 12 շաբաթ:  Գրախոսության համար նախատեսված է հատկացնել մոտ 4 շաբաթ: Ակնկալվում է, որ հետազոտողը սկսի  ծառայության մատուցումը  2018թ. ապրիլի 1-ից:

Պահանջվող որակավորում

  • Մագիստրոսի աստիճան քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, խաղաղության և անվտանգության ոլորտներում կամ համապատասխան մասնագիտական փորձ 
  • Հայաստանի քաղաքական համակարգի, պաշտպանության ու անվտանգության ոլորտների և դերակատարների իմացություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։  

Դիմելու ընթացակարգը
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են դիմել մինչև մարտի 25-ը՝ ուղարկելով ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ անգլերեն լեզվով [email protected] հասցեին, ինչպես նաև տալ իր ընտրությամբ որևէ մեկ հարցի պատասխան the GI-ից (հարցերը առցանց կարող եք գտնել այստեղ)։ Խնդրում ենք էլեկտրոնային նամակի վերնագրի դաշտում անգլերենով նշել Ձեր անունը և այն հաստիքը, որի համար դիմում եք (օրինակ՝ “Researcher: Government Defence Anti-Cooruption Index”): Դիմումները կդիտարկվեն դիմելու պահից սկսած, ուստի առաջարկվում է դիմել հնարավորինս շուտ: