ՀՀ կառավարության 2018թ. հունվարի 18-ի նիստում մերժվել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ այնտեղից պետք է հանվեր տարածքային ցուցակների ինստիտուտը` կատարելով դրանից բխող այլ փոփոխություններ: lurer.com-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ցուցակները հանելուն, նշել է, որ օրեր առաջ նույն հարցով ԹԻՀԿ-ը պաշտոնական նամակ է ուղարկել Կոռուցիայի դեմ պայքարի խորհուրդ և Արդարադատության նախարարություն:

«Որպես քաղաքական կոռուպցիայի նվազեցման քայլերից մեկը՝ հարկավոր է հնարավորինս շուտ հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Մենք տեսանք, որ կոռուպցիան նպաստեց և՛ վարչական ռեուրսի չարաշահմանը, և՛ ընտրակաշառքին: Դրանից ավելի բացահայտ քաղաքական կոռուպցիա չկա»,- նկատել է Հոկտանյանը:

Նրա կարծիքով՝ իշխող կուսակցության միջոցով Հայաստանում ուղղակի չի կայանա բազմակուսակցական համակարգը. «Չնայած ժամանակին նշվում էր, որ նպատակ կա հենց բազմակուսակցական համակարգի կայացման, բայց ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսավորումը, ինչպես նաև վարչական ռեսուրսի շարունակական օգտագործումը թույլ չեն տալիս, որ կուսակցությունները մարզերում ուժեղանան»,- ասել է նա՝ ավելացնելով, որ խրոնիկ հիվանդության պես մի բան է դառնում Երևանից դուրս կուսակցություններ չունենալը:

Հոկտանյանի խոսքով՝ եթե կուսակցությունները ֆինանսավորման առումով աղքատիկ վիճակում են գտնվում, իրենց ռեյտինգային թեկնածուների համար ուղղակի չեն կարող պայքարել. «Տեսականորեն մեզ մոտ թղթերով ամեն բան նորմալ է, ենթադրում է, որ կուսակցությունները ստանում են բավարար գումար, մարզերում ստեղծում են գրասենյակներ, և երբ գալիս է ընտրությունների ժամանակը, լուրջ պայքար են ծավալում իշխող կուսակցության դեմ: Սակայն իրականությանը նայելով՝ տեսնում ենք, որ կուսակցությունները ոչ գրասենյակ ունեն, ոչ մարդ ունեն, դրան էլ գումարվում է վարչական ռեսուրսի խրոնիկ չարաշահումը, որի արդյունքում մարդիկ նույնիսկ վախենում են այդ կուսակցություններին անդամագրվել, այդ պայմանններում ռեյտինգային ցուցակը դառնում է պատուհաս, այսինքն՝ վեր է ածվում իշխող կուսակցության ռեյտինգային թեկնածուների քողարկված մեծամասնական համակարգի, որով ռեյտինգային թեկնածուներն ընտրվում են»:

Տես lurer.com-ի նյութը