«Առաջին լրատվական». «Եթե հետևենք հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման ժամանակագրությանը, պարզ է դառնում, որ յուրաքանչյուր վարչապետ իր համար մշակել է իր հավակնոտ ռազմավարությունը: Կհասցնի վարչապետ Կարեն Կարապետյանը ունենալ իր սեփական հակակոռուպցիոն ռազմավարությունը, և առավել ևս կկարողնա այն իրագործել, պարզ կլինի ապրիլի 9-ից հետո»:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ մեծ սպասելիքներ չունի ո՛չ հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և ո՛չ էլ նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարությունից, որի մասին կառավարության 2017թ. դեկտեմբերի 14-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հոկտանյանի կարծիքով` նախ պետք է գնահատվի նախորդ ռազմավարությունը, հիմնավորվի ինչով այն չի բավարարում ներկա իրավիճակին, ապա նոր որոշվի նոր ռազմավարություն ընդունելու մասին:

Ըստ Հոկտանյանի՝ քանի դեռ ներքևից չկա ճնշում, չկա հանրային պահանջ, որ իշխանությունը պայքարի կոռուպցիայի դեմ, քիչ հավանական է, որ ինչ-որ բան կփոխվի. «Հունվարից հետո կտրուկ գնաճ տեղի ունեցավ, և այդ գնաճը շարունակական է լինելու, տնտեսական վիճակը գնալով վատթարանալու է: Եթե հասարակությունն ընդվզի այդ թանկացումների դեմ, որոնք պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով, եթե ականատես լինենք ցույցերի և միտինգների, հնարավոր է, որ իսկապես ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, եթե ոչ` չեմ տեսնում, թե ինչը կարող է ստիպել իշխանությանը իրական պայքար սկսել կոռուպցիայի դեմ»:

Քաղաքացիներն իրենց վրա են զգում, թե յուրաքանչյուր հարց լուծելիս ինչ չափով են բախվում կոռուպցիայի դրսևորումների: Կոռուպցիայի ընկալման բարձր աստիճանն էր պատճառը, որ Հայաստանը հերթական անգամ դուրս մնաց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության շրջանակային համաձայնագրով Հայաստանի իշխանություններն իսկապես հակակոռուպցիոն պարտավորություններ են ստանձնել, սակայն Հոկտանյանը չի կարծում, թե դրանք իրագործվեն: Որևէ մեկը չի կարող ասել, որ դա թույլ չի տալիս Ռուսաստանը կամ մեկ այլ երկիրը, այդ պարտավորությունների կատարումը կախված է միայն Հայաստանի իշխանություններից, և նրանից, թե արդյոք նրանք քաղաքական կամք կդրսևորեն իրագործելու այն, ինչի տակ ստորագրել են: «Ես նորից եմ ուզում կրկնել՝ քանի դեռ ներքևից չկա ճնշում, չկա հասարակական պահանջ, քիչ հավանական է, որ կոռուպցիայի դեմ իրական պայքար կլինի»,- եզրակացրել է Հոկտանյանը:

Կոռուպցիայի և դրա դրսևորումների դեմ ընդվզման հնարավորությունը զրոյական է: Կոռուպցիան դարձել է կյանքի նորմ, և այնքան առօրեական և սովորական, որ մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչպես կարող է լինել կյանքը առանց դրա:

Տես «Առաջին լրատվական»-ի նյութը