ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՏԻ և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ ՀՀ նախագահի ելույթին: Ուշագրավ են համայնքապետերի կողմից կատարվող չարաշահումները ներելու վերաբերյալ նախագահի բացատրությունները. «Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ»:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` սա շատ յուրօրինակ բացատրություն է, որը նշանակում է, որ աչք է փակվել կոռուպցիայի վրա: «Իհարկե շատ երկրներում նախնական կուտակման շրջանում «թալանչիական» կապիտալներ են ձևավորվել՝ օրենքի խախտումով: Հավանաբար, այս տրամաբանությունն է Հայաստանում աշխատում»,- նշել է Հոկտանյանը, ավելացնելով, որ եթե համայքների ղեկավարները հմտացած են եղել կոռուպցիոն հանցագործություններում, ապա ինչպե՞ս այլ կերպ կպահեն իրենց: Սա արդեն դառնում է նորմ: Որպես կանոն, այս համայնքապետերի համակարգը «սուրբ» գործ է արել՝ ընտրությունների ժամանակ ծառայություններ է մատուցել իշխանությանը: Այս պայմաններում հայտնի չէ, թե սրանից հետո ում վրա է հույս դնելու իշխանությունը»:

Դատախազությունը հայտարարել է, որ ուսումնասիրելու է նախագահի հայտարարությունը: «Հայտարարելը՝ կհայտարարեն, բայց դա ոչինչ չի նշանակում: Եկեք սպասենք գործերի»,- եզրափակել է Հոկտանյանը:

Տես Factor.am-ի նյութը