Tert.am-ի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հավանական է համարում, որ պետության ստացած 450 միլիոն դոլարի դրամաշնորհների մեծ մասը թերի է կատարված: ԹԻՀԿ-ն ուղղակիորեն հետազոտություն չի իրականացրել դրանց նպատակային ծախսման վերաբերյալ: Հոկտանյանը նշում է մի քանի մասնավոր դեպքեր, որոնք ապացուցում են, որ ստացված դրամաշնորհները մասամբ են իրականացվել` անդրադառնալով E-gov.am կայքին, գնումների ոլորտին, դատաիրավական բարեփոխումների իրականացմանը, իրավապահ մարմինների պահվածքին և այլն:

Ժամանակին ԹԻՀԿ-ը հետևել է ԵՄ բազմասեկտոր բյուջետային աջակցության ծրագրին, ինչ-որ տեղ նաև ներգրավված է եղել 2014-2016 թթ.` հետևելով ոչ թե որքան գումար է փոխանցվել, այլ` թե Հայաստանը բավարարել է ԵՄ պայմանները, թե ոչ: Արդյունքում, այս պարտավորությունները մասամբ են կատարված:

  • Կառավարությունը պետք է E-gov.am կայքում տեղադրեր Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի բոլոր որոշումները, և թե հայտնաբերված թերություններն ինչ չափով են կատարվել: Էջը ստեղծվել էր, բայց ՎՊ որոշումների մի մասն էր հրապարակվել, չկային թերությունների վերացման ժամկետները:
  • Կային թերություններ գնումների ոլորտում: Թեպետ մեկ անձից գնումների որոշակի տոկոսը սահմանված էր, մեկ անձից արված գնումների ծավալը չէր փոքրանում կամ բավարար չափով չէր նվազում:
  • Բավականին գումար է հատկացվել դատաիրավական բարեփոխումների իրականացման համար: Արդյո՞ք դրա արդյունքում ունենք անկախ դատական համակարգ:
  • Իրավապահ մարմիններին բավականին շատ գումար է հատկացվել ԵԱՀԿ-ի կողմից, բայց տարբեր բողոքի ցույցերի ժամանակ՝ «Էլեկտրիկ Երևանի», ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում, ընտրությունների ընթացքում, ոստիկաններն իրենց ոչ ադեկվատ են պահել ցուցարարների նկատմամբ:
    Տես Tert.am-ի նյութը