«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով պատմության մեջ առաջին անգամ ՀԿ-ներին թույլատրվել է իրենց աշխատանքում ներգրավել կամավորների, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին: Կամավորությանը վերաբերող օրենքները և քաղաքականությունները կարող են տնտեսական, սոցիալական և քաղաքական զարգացման համար կարևոր շարժիչ ուժ լինել, սակայն անհրաժեշտ է դրանց մշակմանը վերաբերվել առանձնակի խնամքով՝ հասցեագրելով տեղի իրավիճակին բնորոշ կարիքներն ու նպատակները:

Կամավորության լավագույն չափանիշների և հաջողված փորձի ուղեցույցի նպատակն է օգնել բարեխիղճ կառավարման ներդրմանը կամավորության բնագավառում և աջակցել Հայաստանում դրան վերաբերող իրավական դաշտի և քաղաքականության հետագա բարելավմանը: Ուղեցույցում զետեղված են կամավորության տարբեր բաղադրիչներին առնչվող միջազգային չափանիշները և հաջողված փորձը՝ ներառյալ կամավորության սահմանումները, ձևերն և տեսակները, կողմերի իրավունքներն և պարտավորությունները, արտոնությունները և այլն: Տեքստի տարբեր բաժիններում ներկայացվում է նաև Հայաստանի համապատասխան օրենսդրությունը: Ուղեցույցի վերջում բերված են ընդհանուր եզրակացություններ` ապահովելու կամավորության բարեհաջող ներդրումն Հայաստանում:

Ուղեցույցի հավելվածում տեղ է գտել կամավորության և կամավորների կառավարման միջազգային չափանիշներին ու լավագույն փորձին առնչվող օգտակար նյութերի հավաքածու:

Սույն ուղեցույցը մշակվել է Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (ECNL) կողմից՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի օժանդակությամբ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Տես Կամավորության լավագույն չափանիշների և հաջողված փորձի ուղեցույցը ԹԻՀԿ կայք էջում

Տես նաև ԹԻՀԿ միջոցառումները, որոնց ընթացքում ներկայացվել է սույն ձեռնարկը` Ձեռնարկատիրական գործունեություն և կամավորություն․ նորամուծություններ և հնարավորություններ ՀԿ-ների մասին օրենքում, Ակտիվ և կառուցողական բանավեճ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ