Խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններից մոտ կես տարի անց իշխանությունները մտադրվել են վարչական և անգամ քրեական պատասխանատվություն սահմանել հանրային այն ծառայողների նկատմամբ, ովքեր նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահում թույլ կտան։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լիահույս չէ, որ առաջարկվող փոփոխություններով ինչպես Արդարադատության նախարարությունն է նշում, հնարավոր կլինի արդյունավետ պայքարել վարչական ռեսուրսի չարաշահման դեմ։

«Ուղղակի ընդլայնվել է այդ վարչական ռեսուրսը չարաշահողների շրջանակը․ եթե առաջ շեշտը դրվում էր թեկնածու հանդիսացող պաշտոնատար անձանց վրա, ապա այժմ դա տարածվում է նաև բոլոր պաշտոնատար անձանց վրա: Եթե առաջ արգելված էր աշխատանքային ժամերի ընթացքում, այժմ ընդհանրապես իրավունք չեն ունենա: Դա է ավելացվել: Բայց, նորից եմ ասում, այստեղ մենք ունենք կիրարկման խնդիրը», - նշել է Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանի խոսքով երկար սպասված այս նախագիծն ավելի ամբողջական կլիներ, եթե որոշակի սահմանափակումներ մտցվեին նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուներին փոխկապակցված մասնավոր կազմակերպությունների համար։