2015թ․ ՀՀ կառավարությանը կից ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը գումարել է յոթ նիստ և հավանություն տվել տարբեր նախագծերի։ Խորհրդի գործունեության շուրջ Սիվիլնեթը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանի հետ: Ըստ Ղալթաղչյանի` ոլորտային խնդիրների բարձրաձայնման առումով վիճակն ավելի բարվոք է: Սակայն խորհուրդը թերանում է հանրային մեծ հնչեղություն ունեցող կոռուպցիոն դեպքերը բարձրաձայնելու հարցում: Որքան էլ որ այն լիազորություններ չունի հետաքննություն անելու կամ վարույթներ հարուցելու և իրականացնելու, որպես հարթակ, հարցերը բարձրացնելով և հստակ հանձնարարականներ տալով, կարող էր այդ դեպքերին նշանակություն տալ` կանխարգելումն ավելի արդյունավետ դարձնել:

Ինչ վերաբերում է ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) բարելավում չարձանագրելուն, Ղալթաղչյանը կարծում է, որ թիրախում ոչ թե խորհուրդը պետք է լինի, այլ այն մարմինները, որ պատասխանատու են կոռուպցիայի դեմ իրական պայքար տանելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի բացակայությունը պայմանավորվված է դատական համակարգի ոչ անկախությամբ, իրավապահ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքով, կոռուպցիոն գործերի թերի քննություններով, քաղաքական կամքի բացակայությամբ և այլն` եզրահանգում է Ղալթաղչյանը: