Կարևորելով կամավորության ինստիտուտի խթանման համար բավարար իրավական մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ս․թ․ հոկտեմբերի 10-ին ԹԻՀԿ-ը նախաձեռնել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցել են ՔՀԿ, պետական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչ: Հիշյալ օրենքի նախագիծն ունի ոչ միայն կարգավորիչ, այլև սահմանափակող դրույթներ: Ուստի ակտիվ բանավեճով է ուղեկցվել տեսակետների փոխանակումը ՔՀԿ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների միջև:

Ներկաներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Միջոցառման ընթացքում կամավորության միջազգային ստանդարտները ներկայացրել է ԹԻՀԿ փորձագետ Տաթև Մարգարյանը: «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, իսկ ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է նախագծի խնդրահարույց դրույթներին:

Նախագծի շուրջ իրենց տեսակետներն են արտահայտել և հարցեր են առաջադրել Իրավական հետազոտության և զարգացման կենտրոնի ծրագրի ղեկավար Անահիտ Չիլինգարյանը, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ գործադիր տնօրեն Գրիգոր Երիցյանը, Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը, «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ փորձագետ Նունե Պեպանյանը, Կրոնի և իրավունքի կենտրոն ՀԿ ղեկավար Արմեն Լուսյանը, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության Աշխատանքի և աշխատանքի վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Հարությունյանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանը, և այլոք:

Սույն միջոցառումն անցկացվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրերի շրջանակում։