Ս.թ. օգոստոսի 19-ին երկրի ապագայով մտահոգ մի քանի տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Էրեբունու քննչական բաժանմունքի շենքի դիմաց` (Մովսես Խորենացու 162) Թեղուտի պաշտպանության խմբի երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի դեմ իրենց բողոքը հայտնելու:

Մարիամ Սուխուդյանը համախոհ մի քանի երիտասարդների հետ ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակներում 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին կամավոր հիմունքներով աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոցում և ահազանգել են դպրոցում տիրող մի շարք հիմնախնդիրների մասին` թերի ուսուցում, հակասանիտարական վիճակ, վատ սնունդ, աշակերտների նկատմամբ սեռական ոտնձգություններ. պրոբլեմներ, որոնց նկատմամբ իրենք չէին կարող անտարբեր մնալ:

Դպրոցում տիրող իրավիճակի` մասնավորապես հայոց լեզվի ուսուցչի կողմից գործադրված սեռական ոտնձգության մասին, պատրաստվել էր տեսաերիզ և այն հեռարձակվել էր Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Հեռուստանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը 2009թ. փետրվարին սկզբին հարուցել է քրեական գործ, որում Մարիամ Սուխուդյանը սկզբում ներգրավվել է որպես վկա, այնուհետև` մեղադրյալ: Ընթացքում այդ ուսուցիչը հեռացել է դպրոցից` այլևս ստեղծագործական աշխատանքներով զբաղվելու պատճառաբանությամբ, իսկ նրա զոհերից մեկը, ճնշման ենթարկվելով, հրաժարվել է տեսանյութում արված պնդումներից: Արդյունքում երիտասարդ ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` շահադիտական նպատակներով կատարված սուտ մատնություն:

Հանրային սուր հնչեղություն ունեցող Խնդիրներ բարձրաձայնող երիտասարդ ակտիվիստին լռեցնելու` իրավապահ մարմինների փորձն էլ հենց հանգեցրել է առաջադրված մեղադրանքի հանդեպ իրենց անհամաձայնությունը հայտնելու` ցուցարարների այս հավաքին:

Ցույցին մասնակից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանի պնդմամբ, տեղի ունեցածը «ընդամենը հերթական հետապնդումն է հերթական ակտիվիստ երիտասարդի նկատմամբ»: - «Մեր երկրում, ըստ երևույթին, ակտիվ քաղաքացիները այնքան էլ չեն քաջալերվում: Մեկ առ մեկ կարծես փորձում են այս կամ այն հոդվածով վերացնել այդպիսի քաղաքացիներին: Եվ Մարիամը պարզապես նրանցից մեկն է` հերթականը»:

Մարիամը իր փաստաբանի հետ բաժնից դուրս եկավ շուրջ երկուևկես ժամ անց և հայտնեց, որ օգտվել է ցուցմունք տալուց հրաժարվելու իր իրավունքից: