Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. հուլիսի 27-ից 28-ը մասնակցել են Բեռլինում կայացած «Օրինականության ազգային համակարգի (ՕԱՀ) գնահատումը» թեմայով ուսուցողական սեմինարին և բանախոսությամբ հանդես են եկել ՕԱՀ սեմինարի և ՕԱՀ ինստիտուտների ու ցուցիչների վերաբերյալ նիստերի ընթացքում: Ս.թ. հուլիսի 29-ին նրանք նաև մասնակցել են «Ընդդեմ կոռուպցիայի. փոփոխության ծրագիր» թեմայով դասընթացին: Դասընթացի մյուս մասնակիցները Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի Վրաստանի և Եթովպիայի մասնաճյուղերն էին: Երկու միջոցառումներն էլ կազմակերպել էր ԹԻ քարտուղարությունը:

ՕԱՀ գնահատման սեմինարի նպատակն էր գիտելիքներ և հմտություններ հաղորդել ՕԱՀ ծրագրի իրականացմամբ զբաղվող հաստատություններին, որպեսզի նրանք արդյունավետ իրականացնեն ՕԱՀ գնահատումը, տարբեր երկրների միջև օրինականության, հաշվետվողականության և թափանցիկության հարցերի շուրջ մարտահրավերների վերաբերյալ փորձի փոխանակման և երկխոսության համար երկրի մակարդակով քննարկում ծավալել և արծարծել ՕԱՀ ծրագրի համակարգման ու հաղորդակցության վերաբերյալ խնդիրները:

«Ընդդեմ կոռուպցիայի. փոփոխության ծրագիրը» նպատակ ունի աշխարհի 25 երկրներում նվազեցնել կոռուպցիան` ազգային, տարածաշրջանային, համայնքային և տեղական մակարդակներում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և պրակտիկային սատարելու միջոցով: Դասընթացի ժամանակ մասնակիցները քննարկել են ՕԱՀ համեմատական վերլուծությունն ու համատեղ գործունեությունը, դրա տրամաբանական հիմքն ու ցուցիչները, գործողության ու հաղորդակցության և շահերի պաշտպանության ծրագրերը: