«Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքը», որն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարից, ներկայացնում է մի շարք նորամուծություններ, որոնցից առավել ուշագրավներն առնչվում են ձեռնարկատիրական գործունեությանը և կամավորությանը: Այդ կապակցությամբ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում ԹԻՀԿ-ը կազմակերպել է «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նորամուծությունները. ձեռնարկատիրական գործունեություն և կամավորություն» խորագրով քննարկում, որին մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 70 մասնակիցներ, փորձագետներ, լրագրողներ:

Քննարկման ընթացքում ներկայացվել են «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» (Հունգարիա) և ԹԻՀԿ համատեղ մշակած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության մասին ձեռնարկը, ինչպես նաև կամավորության օրինակելի չափանիշներին և պրակտիկային վերաբերող ուղեցույցը։

Բացման խոսքով հանդես են եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) իրավախորհրդատու Էսթեր Հարթեյը և ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովը ներկայացրել են «Այն ամենն ինչ պետք է իմանալ ՔՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեության մասին» ձեռնարկը և «Կամավորության օրինակելի չափանիշների և պրակտիկայի ուղեցույցը»: Ձեռնարկի վերաբերյալ բանախոսել է նաև ԹԻՀԿ փորձագետ Տաթևիկ Մարգարյանը, իսկ ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդիրները:

Ձեռնարկը ցույց է տալիս «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքից բխող լայն հնարավորությունների այն տիրույթը, որը թույլ է տալիս հասարակական կազմակերպություններին ներգրավվելու ձեռնարկատիրական գործունեության մեջ, իսկ կամավորությանը վերաբերող ուղեցույցի նպատակն է կազմակերպություններին կողմնորոշել կամավորների ներգրավման և նրանց հետ աշխատանքի գործընթացում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի (Շվեյցարիա) և Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի (Հունգարիա) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում:

Միջոցառման հեռարձակումը՝ ժուռնալիստների Ասպարեզ ակումբի, լուսանկարը՝ Ֆոտոլուր լրատվական գործակալության