Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը (ԺԱԱ) Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է ՀՀ մարզային 20 պոլիկլինիկաների ու 10 շտապ օգնության կայանների ֆինանսական գործունեության մոնիտորինգ և հարցում այդ հաստատությունների աշխատակիցների ու պացիենտների շրջանում` վեր հանելով խնդիրները և ներկայացնելով դրանց լուծման առաջարկությունները։

Մոնիտորինգի նախնական զեկույցի առաջին քննարկումը շահագրգիռ կողմերի հետ տեղի է ունեցել ս.թ. սեպտեմբերի 4-ին Գյումրիում` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում` նպատակ ունենալով ստանալ շահագրգիռ կողմերի արձագանքը` վերջնամշակելու զեկույցը նախքան այն ՀՀ առողջապահության նախարություն ուղարկելը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ծրագրի ղեկավար, ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: Հետազոտության փորձագետ Վիոլետա Զոփունյանը ներկայացրել է կատարված աշխատանքը և մասնակցել զեկույցի քննարկմանը՝ լսելով մասնակիցների կարծիքները և դիտողությունները:

Մոնիտորինգի ընթացքում հանրապետության բոլոր մարզերում ուսումնասիրվել են պոլիկլինիկաների և շտապ բուժօգնության կայանների 2013-2015 թթ. ֆինանսական փաստաթղթերը, աշխատակիցների և շահառուների կարծիքները` պարզելու ծախսերի դինամիկան, աշխատակազմերի վերապատրաստման պրակտիկան, պացիենտների սպասարկման ոլորտում առկա խնդիրները և այլն:

Նույն օրը մոնիտորինգ է իրականացվել նաև Վանաձորում` «Ասպարեզ» ակումբի ենթակայությամբ գործող Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում: Ստորև տես Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի նկարները:

Միջոցառումը հեռարձակվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից: Մանրամասների համար տես ԺԱԱ կայքը: Հաջորդ քննարկումների համար այցելիր ԹԻՀԿ կայքը և «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի ֆեյսբուքյան էջը: