Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը ս.թ. հուլիսի 16-ին բանախոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի 2009թ. «Մարդու իրավունքները և քաղաքացիական զարգացումը Կովկասում» դասընթացի ընթացքում: «Քվեարկելու իրավունքն ու նրա կապն այլ իրավունքների և ազատությունների հետ» թեմայով նրա բանախոսությունն ուղեկցվել է ակտիվ քննարկմամբ ԱՄՆ Բոստոնի Հյուսիս-արևելյան համալսարանի 17 ուսանողների մասնակցությամբ:

Դասընթացը համեմատական վերլուծության է ենթարկում անձի իրավունքների զարգացումն ու քաղաքացիական հասարակությունը դեռևս հետ-խորհրդային անցման փուլում գտնվող երեք կովկասյան հանրապետություններում: Դասընթացը քննության է առնում հետևյալ թեմաները` մարդու իրավունքների համընդհանրությունն ընդդեմ մշակութային ռելյատիվիզմի, դրա խախտումների աղբյուրներն ու հետևանքները, փոքրամասնությունների իրավունքների սահմաններն ու սահմանափակումները, խոշտանգումների արգելման հանդեպ հարգանքը, ազատ և արդար ընտրությունները, կանանց իրավունքների հանդեպ հարգանքը, երեխայի իրավունքները, առողջապահությունն ու ՁԻԱՀ-ի համաճարակը: Միջազգային, տարածաշրջանային ու ազգային իրավապաշտպան մեխանիզմները, ինստիտուտներն ու ՀԿ-ները նույնպես արծարծվում են դասընթացի ընթացքում:

Բանախոսության ընթացքում Ամալյա Կոստանյանն անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում ընտրական գործընթացների ընթացքում ոտնահարվող մարդու իրավունքների վերաբերյալ փաստաթղթերի (Կոպենհագենյան հռչակագիր և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր) լեզվին և երաշխիքներին: Նա մասնավորապես ասել է, որ վերջերս կայացած Երևանի ավագանու ընտրությունները, որ ուղեկցվել են ահաբեկումներով, լցոնումներով, կաշառքով և այլն, կարելի է մարդու իրավունքների տեսանկյունից ձևակերպել որպես ձայնի իրավունքի, ընտրական իրավունքներ տալու և մարդու` ազատ կամքի արտահայտմամբ քվեարկելու իրավունքի սկզբունքների ոտնահարում:

Այնուհետև Կոստանյանն առաջարկել է, որ ամերիկացի ուսանողներն իրենց սեփական կարծիքն արտահայտեն տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման վերաբերյալ: Նա ուսանողներին օգնել է հասկանալ այդ գաղափարների բարդությունը, նրանց մղելով քննադատական մոտեցում ցուցաբերել նման բարեփոխումների իրականալիության հանդեպ: