Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ. այն կասեցվել է։ Կկարողանա՞ Հայաստանը դառնալ «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շահառու հարցի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ, ով ներկայացրել է այն պայմանները, որոնց համաձայն՝ տվյալ երկիրը կարող է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի շահառուն դառնալ, նշելով, թե Հայաստանը որքանով է համապատասխանում այդ պայմանների ցուցանիշներին:

Պայմաններն ցուցանիշներին համապատասխանելու համար տվյալ երկիրը պետք է լինի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի չափով աղքատ կամ միջինից ցածր եկամուտ ունեցող:

Հաջորդը՝ ժողովրդավարական իրավունքներ. սա սովորաբար լինում է կա՛մ քաղաքացիական ազատություններ, կա՛մ քաղաքական իրավունքներ կատեգորիան։ Եթե գնահատման 20 ցուցանիշից 19-ը դրական լինի, բայց այս մի պայմանը լինի բացասական, ապա տվյալ երկիրը չի կարողանա այս ծրագրին մասնակցել։

Հաջորդ ցուցանիշը՝ կոռուպցիա. այս ասպարեզում ծրագրի պատասխանատուները հիմք են ընդունում Համաշխարհային բանկի կոռուպցիային առնչվող ցուցանիշը (Control of Corruption)։ Այս դեպքում ևս եթե 19 ցուցանիշը դրական լինի, բայց կոռուպցիայի ցուցանիշը լինի բարձր, ապա կրկին այդ երկիրը չի կարողանա մասնակցել։ «2017թ. համար Հայաստանը 20-ից 14 ցուցանիշով դրական գնահատվեց, որից մեկը «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն էր, բայց մնացյալ 6 բացասական գնահատված ցուցանիշների մեջ մտնում էր նաև կոռուպցիայի ցուցանիշը, որի դեպքում Հայաստանը չկարողացավ հաղթահարել կորպորացիայի կողմից սահմանված շեմը։ Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների կեսից ավելիի մոտ կոռուպցիայի ցուցանիշը պետք է ավելի վատ լիներ, քան Հայաստանի ցուցանիշը, սակայն այդ երկրներից 52%-ը կոռուպցիայի դեպքում ավելի լավ ցուցանիշ ուներ, և այս առումով Հայաստանը նրանցից հետ է մնում։

2017 թ. սեպտեմբերի 22-ին Համաշխարհային բանկը հրապարակելու է 2016թ. Կառավարման ցուցանիշների (Governance Indicators) վերաբերյալ տվյալները, ըստ որոնց պարզ կդառնա՝ Հայաստանը բարելավե՞լ է իր կոռուպցիայի ցուցանիշը, թե՞ ոչ։ Ըստ Հոկտանյանի՝ «Հնարավոր է, որ մեզ մոտ կոռուպցիայի մակարդակը չի նվազել, բայց ի հաշիվ մյուս երկրների ավելի վատ վիճակի՝ Հայաստանը հաղթահարի շեմը և հայտնվի թեկնածու երկրների շարքում, որովհետև մոտեցումը ոչ թե կոռուպցիայի բացարձակ արժեքն է, այլ տվյալ երկրի գրաված տեղը նույն ցանկի երկրների կազմում»։

Հոկտանյանը հակված չէ կարծելու, որ այս անգամ Հայաստանի տվյալներն ավելի լավը լինեն, քան նախորդ տարիներին, քանի որ որպես կանոն, Համաշխարհային բանկի կոռուպցիային վերաբերող ցուցանիշները որոշ առումով համահունչ են ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթվին, որը 2016թ. 2015-ի համեմատ նվազել է։

ՏԵս «Առաջին լրատվական»-ի կայքը