Ս.թ. հուլիսի 25-28-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը` որպես ծրագրի հայաստանյան գործընկեր, «Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» ծրագրի շրջանակում Պորտ Դիքսոնում (Մալայզիա) մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի գլոբալ աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում ծրագրի մասնակից ԹԻ ներկայացուցչությունները մշակել են ծրագրի երկրոդ փուլի պլաններն ու ռազմավարությունները: Նրանք անդրադարձել են ընդերքօգտագործման պայմանագրեր շնորհելիս գլխավոր կոռուպցիոն ռիսկերին, հանքարդյունահանման լիցենցիաների տրամադրման գործընթացի մարտահրավերներին և այլն:

Հնգամյա ծրագիրն ընթանում է 2 փուլով: Ծրագրի առաջին փուլում (2016-2017թթ. ) մասնակից յուրաքանչյուր ԹԻ ներկայացուցչություն վեր է հանում և գնահատում է ընդերքօգտագործման պայմանագրի շնորհման գործընթացում կոռուպցիոն ռիսկերն իր երկրում` կիրառելով ընդերքօգտագործման պայմանագրերի շնորհման կոռուպցիոն ռիսկերի գնահատման ԹԻ մշակած գործիքը: Իրենց երկրների վերաբերյալ ստացած արդյունքների հիման վրա ԹԻ ներկայացուցչությունները հրապարակում են ռիսկերի գնահատման ազգային զեկույցներ: Հիմնական շահագրգիռ կողմերի հետ համատեղ ներկայացուցչություններն այնուհետ ստացած արդյունքների հիման վրա մշակում են գործողությունների պլաններ: Գլոբալ վերլուծության զեկույցը ևս հիմնված է ռիսկերի գնահատման ազգային զեկույցների վրա:

Ծրագրի երկրորդ փուլում (2018-2020 թթ.) ազգային, տարածաշրջանային և գլոբալ ռազմավարություններ են իրականացվում` ընտրված երկրներում և գլոբալ` քաղաքականությունների և պրակտիկայի փոփոխությունների հասնելու համար:

«Հանքարդյունաբերություն հանուն կայուն զարգացման» գլոբալ ծրագիրը համակարգում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ավստրալիան: Ծրագրի մասնակից 20 մասնաճյուղերն են ԹԻ Հայաստանի, Ավստրալիայի, Կամբոջայի, Կանադայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության, Գվատեմալայի, Ինդոնեզիայի, Քենիայի, Լիբերիայի, Մոնղոլիայի, Մոզամբիկի, Նիգերիայի, Պերուի, Պապուա նոր Գվինեայի, Սիերա Լեոնեի, Հարավային Աֆրիկայի, Զամբիայի և Զիմբաբվեի ԹԻ ներկայացուցչությունները: