News.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է, որ եթե չլինի քաղաքական կամք, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել օրենսդրական փոփոխություններով և կառավարական խորհուրդներ ձևավորելով: Ըստ Հոկտանյանի` ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) ցույց է տալիս, որ առաջընթաց չի արձանագրվել: Եթե ԹԻ ԿԸՀ 2016 թ. ցուցանիշները համեմատում ենք 2015-ի հետ, ո՛չ լավացել է, ո՛չ վատացել, լճացման վիճակ է: Իսկ 3-4 տարվա կտրվածքով ԹԻ ԿԸՀ-ով, որոշակի վատացում կա, ինչը կոռուպցիայի մակարդակ չի նշանակում, բայց, կորելացված է կոռուպցիայի իրավիճակի հետ. եթե ընկալումը վատանում է` վիճակը վատանում է:

Հոկտանյանի կարծիքով` ընկալումից ավելի լավ չափման ցուցիչ դեռ չի հայտնաբերվել իրավիճակը հասկանալու համար: Ընկալումը կլավանա, եթե մի բան փոխվի: Մի դատավորի կամ դատախազի կալանավորելով` վիճակը միանգամից չի լավանա: Վրաստանում տարիներ պետք եղան, որպեսզի կոռուպցիայի ընկալումը փոխվեր, ինչն էլ բերեց դրական տեղաշարժերի: Լուրջ պայքարը սկսվում է վերևների կողմից կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող լինելով, որոշ ժամանակ հետո այդ մտայնությունը տարածվում է նաև հասարակության մեջ: Մինչդեռ` ՀՀ իշխանությունները ոչ միայն հանդուրժող են կոռուպցիայի նկատմամբ, այլև ներքաշված են դրա մեջ:

Հոկտանյանը կարծում է, որ կոռուպցիայի ոլորտում Հայաստանում լճացում է տիրում: «2003թ. ի վեր, երբ ԹԻՀԿ-ը սկսեց հրապարակվել կոռուպցիայի ընկալման համաթիվը, որևէ առաջընթաց չի գրանցվել: Կարող ենք մեզ մխիթարել, որ հետընթաց էլ չի եղել, բայց երբ նայում ենք մակարդակը, ուրախանալու առիթ չկա: Իսլանդիայում էլ հետընթաց կամ առաջընթաց չի եղել, բայց նրանք շատ ավելի լավ վիճակում են գտնվում: Մեր ստաբիլ վիճակը ավելի շուտ լճացում է նշանակում, քան կայուն և դրական զարգացում»:

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, Հոկտանյանը նշել է, որ քաղաքական ու տնտեսական վերնախավերի սերտաճումը ծնում է համակարգային կոռուպցիա: Վարչապետը փորձում է ներդրումներով աշխուժացնել տնտեսության վիճակը, և տնտեսական վիճակի բարելավումով` ազդել կոռուպցիայի նվազման վրա:

Տես News.am