Ս.թ. հուլիսի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախագահ Ամալյա Կոստանյանը բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ-ում Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի իրականացմանը նվիրված քննարկման ընթացքում: Այն կազմակերպել էր Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը` «Հարևանությունից դեպի գործընկերություն» խորագրով միջոցառումների շրջանակներում, որի նախաձեռնողներն էին Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Եվրոպական ինտեգրացիա կազմակերպությունը, ԹԻՀԿ-ը:

Միջոցառման ընթացքում ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության նախագահ, դեսպան Ռաուլ դե Լուզենբերգերը ներկայացրել է 2008թ. ՀՀ-ում ԵՀՔ ծրագրի իրականացման վերաբերյալ զեկույցը, իսկ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպան Գեդրիուս Ապուոկասն անդրադարձել է «Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը Արևելյան Գործընկերության նախագծի համատեքստում» թեմային: Միջոցառման համազեկուցողների թվում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Ծրագրերի կառավարման գործակալության պետ Ռուբեն Սարուխանյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, ՀՀ Արտգործնախարարության Եվրամիության բաժնի առաջին քարտուղար Լուսինե Մովսիսյանը և ուրիշներ:

Քննարկմանը հրավիրվել էին ՀՀ նախարարներ, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: