Azatutyun.am-ն անդրադարձել է «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մամուլի ասուլիսին, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները: Կառավարությունն առաջիկա հինգ տարիների ծրագրով պետական գնումների ոլորտում նախատեսում է միայն էլեկտրոնային համակարգերի ներդրում, մինչդեռ, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, դա բավարար չէ կոռուպցիան ու շահերի բախման դեպքերը կանխելու համար:

Ըստ Հոկտանյանի` կոռուպցիոն ռիսկերը էլեկտրոնային ճանապարհով ոչ մի տեղ չեն լուծվել, չեն լուծվի նաև Հայաստանում: «Կարող ես ունենալ փայլուն էլեկտրոնային գնումներ, բայց եթե նախարարի կամ փոխնախարարի ընկերությունն է, իրական սեփականատերը նախարարն է կամ փոխնախարարն է, էլեկտրոնային գնումներով այդ հարցը չի լուծվի», - նշել է Հոկտանյանը: Գնումների ոլորտում իրականացված փոփոխությունների համաձայն, նախատեսվում է նաև, որ մրցույթներին մասնակցող կազմակերպությունները բացահայտեն իրական սեփականատարերին, մինչդեռ, Վարուժան Հոկտանյանը կարծում է, այդ դրույթը իրականում չի կատարվում․ - «Իրական սեփականատեր անվան տակ նորից շարունակում են դնել ֆորմալ սեփականատերերին»:

ԹԻՀԿ-ի գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանի պնդմամբ՝ ապրիլից ուժի մեջ մտած նոր օրենքով լուծված չէ պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը․ - «Մենք չունենք պատասխանատվություն: Այսինքն, երբ որ խախտվում են այսպես ասած խաղի կանոնները պատվիրատուի կողմից, նրանք պատասխանատվության չեն ենթարկվում: Երբ որ բացահայտվում է ինչ-որ դեպք, ասում են՝ լավ, կներեք, էլ չի կրկնվի»:

Տես Azatutyun.am-ի նյութը