«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի համար ֆինանսավորում ստացել է մի քանի աղբյուրներից։ Մասնավորապես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դրամաշնորհ է ստացել Ժողովրդավարության ազգային հիմնադրամից (ԺԱԴ), Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատնից և Թուֆենկյան հիմնադրամից:

ԺԱԴ-ի տրամադրած դրամաշնորհի ծրագրի տևողությունը եղել է 7 ամիս, որը կազմել է 90,466 ԱՄՆ դոլար, որի մոտ 19,884-ը (~22%) ծախսվել է անձնակազմի աշխատավարձերի և մոտ 4,759-ը` (~5.3%) գրասենյակի և հեռահաղորդակցության համար։ Իրավաբանների մատուցած ծառայությունների արժեքը կազմել է մոտ 18,476 դոլար (~20.4%): Մարզային և երևանյան 42 համակարգողների և մի քանի դիտորդների վարձատրությունը կազմել է մոտ 33,695 դոլար (~37.2%), ճանապարհածախսը՝ մոտ 4,268 դոլար (~4.7%): Մնացած 9,384-ը (10.4%) ծախսվել է հյուրանոցային ծառայությունների, սոցիալական ցանցերի գովազդի, տեսահոլովակի պատրաստման և նյութեր տպագրելու համար:

Վրաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան դրամաշնորհի ծրագրի տևողությունը եղել է երկու ամիս և իրականացվել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դրամաշնորհի ընդհանուր ծախսերը կազմել են 61,832 եվրո, որից մոտ 4,037-ը (~6.5%) ծախսվել է Վրաստանի և Հայաստանի թիմերի անձնակազմերի աշխատավարձերի վրա: Դասընթացավարների, փորձագետների և Վրաստանից ժամանած դիտորդների վճարը կազմել է մոտ 7,776 եվրո (~12.6%), նույն 150 դիտորդի ճանապարհածախսը և գիշերակացը՝ մոտ 44,908 (~72.6%), տարածքի վարձակալության, տպագրության, հեռահաղորդակցության ծախսերը՝ մոտ 5,111 (~8.3%):

Թուֆենկյան հիմնադրամից ստացված դրամաշնորհը կազմել է 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն ուղղվել է դասընթացների կազմակերպման աջակցմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհից ԹԻՀԿ աշխատակազմը դիտորդական առաքելության համակարգման համար լրացուցիչ ստացել է մոտ 15,800 եվրո համախառն գումարի վարձատրություն: