Ազատություն TV-ի հետ զրույցում քաղաքագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, սպասելիքներին և հեռանկարին: Ընտրական գործընթացում, երբ ԵՄ-ն Հայաստանին աջակցություն էր ցույց տալիս` 7 մլն. եվրո ներդրում կատարելով, ակնկալում էր, որ ընտրութունները որոշակի չափով ազատ և արդար կլինեն: Բայց կատարված ներդրումները չհամապատասխանեցին ակնկալիքներին` իշխանությունները ճնշումներ գործադրեցին ընտրողների վրա, վարչական ռեսուրս կիրառեցին:

Ըստ Արմեն Գրիգորյանի` դեռ վաղ է համոզված լինել, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստանի և ԵՄ միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը` հաշվի առնելով Հայաստանի վրա սուվերենության ճնշումները և նախագահի փոփոխվող վարքագիծը: Չմոռանանք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու ԵՄ հետ Ասոցացման և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, փոխարենը, սկսվում է Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու գործընթացը: Գրիգորյանը կարծում է, որ ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտարարությունը որոշակի չափով կազդի համաձայնագրի վերջնականացման վրա:

Ինչ վերաբերում է տեսանելի ապագայում վիզայի ազատականացման հնարավոր լինելուն, Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի դիրքորոշումը քաղաքական հարցերում այնքան էլ նպաստավոր չէ, ինչքան Վրաստանինը և Ուկրաինայինը: Հայաստանը հիմնովին տարբեր իրավիճակում է, և ակնկալել, թե նույն հեշտ գործընթացն է անցնելու, ինչպես վերը նշված երկրները, դժվար է պատկերացնել:

Տես նաև «Սվիտալսկու ելույթը մեսիջ կլինի Եվրոպային, թե որ ուղղությամբ աշխատի ՀՀ-ի հետ»