Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» խորագրով համաժողովում ելույթ է ունեցել, նշելով, որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը փորձում է ԸՕ-ն ծառայեցնել իր շահերին։ Այդ թեմայով Այբ-Ֆե տաղավարում «Ա1+»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանի հետ: Ըստ Գրիգորյանի` ԵՄ աջակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանում ոչ միայն ընտրական, այլ նաև ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում: Դեսպան Սվիտալսկին իր ելույթով ժողովրդավարական գործընթացների հանդեպ մտահոգություն է արտահայտել: Ուստի, պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ խնդիրները լուծվեն:

Դեսպանը նաև նշել է, որ տեղամասերում ընտրախախտումները նվազել են: Գրիգորյանի կարծիքով` դրանում կարևոր դեր է խաղացել քաղաքացիական հասարակությունը` դիտորդական առաքելություն իրականացնելով: Արդյունքում` իշխանությունն իր հիմնական թիրախը տեղափոխել է ընտրատեղամասից դուրս` կիրառելով վարչական ռեսուրսներ: Գրիգորյանը գտնում է, որ դեսպանի ելույթը մեսիջ կլինի Եվրոպային, թե որ ուղղությամբ աշխատի ՀՀ-ի հետ: Հնարավոր է ավելի շատ աջակցություն տրամադրվի քաղաքացիական հասարակությանը: