2017թ. հունիսի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում Ոստիկանությանը քննադատող գրառում կատարելուց հետո ստացել է մահվան մանրամասն նկարագրված սպառնալիքներ Աշոտ Ավանեսյան անունով օգտատիրոջ կողմից: Լրատվության միջոցներով տարածվող հայտարարությունների հիման վրա ՀՀ իրավապահ մարմիններն սկսել են փաստի առթիվ ստուգման ընթացակարգ՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով:

Մինչ օրս հանրությանը հայտնի չեն սպառնալիքներ հասցրած քաղաքացու ինքնության, նրա հնարավոր հովանավորողների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները:

Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարաբնույթ սպառնալիքների միջոցով փորձ է կատարվում լռեցնել իշխանության ապօրինությունների մասին բարձրաձայնող և դրանց դեմ պայքարող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ նշյալ դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկած քայլերը մեծ մասամբ բավարար չեն եղել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար: Նման գործելակերպը հիմք է տալիս մտածելու, որ նման գործողությունները կատարվում են իշխանության որոշ շրջանակների շահերը սպասարկող և նրանց հովանու ներքո գտնվող անձանց կողմից:

Գտնում ենք, որ ժողովրդավարական հասարակությունում իշխանությունն է պատասխանատվություն կրում քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման, խոսքի ազատության, քաղաքացիների կողմից իրենց կարծիքն արտահայտելու ազատության ապահովման, ինչպես նաև այդ ազատությունների վրա ոտնձգություններ կատարելու դեպքում պաշտպանություն ապահովելու համար: Ավելին, հանդիսանալով ՄԱԿ-ի Իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության հռչակագրի անդամ, Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ կերպով չի կատարում իրավապաշտպանների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Սույն հայտարարությամբ կոչ ենք անում ՀՀ իրավապահ մարմիններին ապահովելու գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև արդյունավետ կերպով տեղեկացնելու հանրությանը քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Բիոսոֆիա» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Գորիսի Մամուլի ակումբ ՀԿ
Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Երևանի մամուլի ակումբ
Էկոթիմ ՀԿ
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Լոռի» հեռուստաընկերություն
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
«Խորան Արդ» ինտելեկտուալ ՀԿ
Կանանց իրավունքների կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Ռադիո Հայ Գյումրի ռադիոկայան
««Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Տիգրան Հայրապետյան, փաստաբան