Ս. թ. հունիսի 3-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը ելույթով հանդես է եկել Ուրբաթ ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա անդրադարձել է Թեղուտի հանքավայրի շահագործման` կառավարության որոշման դեմ հայցադիմումին: «Վալեքս» ընկերությունը, որը մրցութային կարգով ստացել է 25 տարով Թեղուտի հանքավայրի շահագործման լիցենզիան, արդեն սկսել է շահագործման նախատապատրաստական աշխատանքներ տանել:

Հայցը նախապատրաստող փաստաբան Հայկ Ալումյանը, որ դիմելու է վարչական դատարան, նշել է, որ հանքարդյունաբերության ծրագիրը խախտել է ՀՀ և միջազգային օրենսդրության մի շարք դրույթներ:
Թեղուտի պաշտպանության խմբի մյուս անդամներից «Էկոդար» ՀԿ նախագահ Հրայր Սավզյանը տեղեկացրել է, որ վերջին 10 օրվա ընթացքում մոտավորապես 4-5 հազար մարդ են մասնակցել Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ստորագրահավաքին: Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որ ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամ է, հաղորդել է Թեղուտի հիմնահարցը եվրոպական կառույցներում ներկայացնելու իր մտադրության մասին: