«Հետքի սրահ»-ում դիտորդության ինստիտուտի և դիտորդության դերակատարության մասին Սառա Պետրոսյանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Նրանք քննարկել են ընտրությունից-ընտրություն ինչու է նվազում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ովքեր են լրացնում նրանց տեղը ընտրատեղամասերում և ինչ դերակատարումով, ինչու ավանդաբար դիտորդություն իրականացնող կազմակերպությունները չեն մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի` իրական դիտորդական առաքելությունների շարունակական ջանքերի շնորհիվ տեղի է ունեցել վարքագծային փոփոխություն` տեղական դիտորդական կազմակերպությունները ձեռք էր բերել դրական իմիջ: Հանրաքվեին հաջորդած ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամները ուշադրության էին արժանացնում դիտորդների դիտարկումները երբեմն նաև այն պատճառով, որ դիտորդները շատ ավելի իրազեկ էին ընտրական գործընթացներին և քվեարկության կարգին: Սակայն դիտորդի դերի բարձրացմանը զուգահեռ` այս դիտորդներին աստիճանաբար տեղամասից գալիս են փոխարինելու կեղծ դիտորդներ, անձինք, որոնք եղել են կուսակցության վստահված անձինք: Կողմնակի անձինք` տեղական հեղինակությունները կամ թաղի մարդիկ, որոնք դիտորդի կարգավիճակ են ստացել, իրական դիտորդական առաքելություն իրականացնողների համար լուրջ մարտահրավեր են ներկայացնում, քանի որ իբրև թե ստանձնում են գործառույթներ, որ պետք է անեին իրական դիտորդական կազմակերպությունները: