Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրությունը: «Ցայգ» մարզային հեռուստաընկերության հետ զրույցում ԹԻՀԿ հանրային քաղաքականության փորձագետ Լիանա Ղալթաղչյանը նշել է, որ ուսումնասիրությունում վեր են հանվել կոռուպցիոն ռիսկեր առաջացնող համակարգային խնդիրներ և ներկայացվել են դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկություններ: Նա անդրադարձել է այդ խնդիրներից որոշներին:

Խնդիրների թվում են շահերի բախման հետ կապված կոռուպցիոն ռիսկերը մասնավոր վճարովի պարապմունքների ոլորտում: Առաջարկվում է օրենսդրորեն արգելել առարկան դասավանդող ուսուցչի կողմից վճարի դիմաց իր աշակերտներին մասնավոր պարապմունքների տրամադրումը:

Ըստ Լիանա Ղալթաղչյանի` խնդիրներ կան ներառական կրթության ֆինանսավորման առումով, քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ամեն աշակերտի համար դպրոցը մոտ 5 անգամ ավել գումար է ստանում: Դպրոցներ կան, ուր ոչ ներառականի ենթակա երեխան ներառական կրթություն ստացողների շարքում է, քանի որ դպրոցի համար դա լրացուցիչ ֆինանսավորում ստանալու աղբյուր է:

Դասագրքերի ստեղծման գործընթացում պետք է վերացվեն շահերի բախման և հայեցողական որոշման հնարավորությունները: Առաջարկություններն ուղղված են շահերի բախման կանխարգելմանը` դասագրքերի հեղինակները հաճախ դասագրքերի չափորոշիչներ մշակող մասնագետներն են, ովքեր քաջածանոթ են, թե մրցույթում դասագիրքը ինչ առավելություններ կունենա:

Այդ հիմնախնդիրները և դրանց ուղղված առաջարկությունները ներկայացվելու են ՀՀ կրթության և գիտության նախարարություն: