«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման` «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009թ.» հասարակական կարծիքի համաշխարհային հարցման մասնակիցների ավելի քան կեսը (54%) հավատացած է, որ գործարար ոլորտի ներկայացուցիչներն օգտագործում են կաշառքը հանրային քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի վրա ազդելու նպատակով, կամ այլ կերպ ասած` տեղի է ունենում նրանց կողմից պետության զավթում: Ինչպես երևում է Պատկեր 1-ից, այս ընկալումը, մասնավորապես, մեծ տարածում ունի հարցման մեջ ներգրավված ԱՊՀ պետություններում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան և Ուկրաինա). այդ երկրներում պետության զավթման առկայության վերաբերյալ նշել է հարցման ենթարկվածների ավելի քան 70%-ը:

Հարցման ենթարկված երկրների ու տարածքների մոտավորապես 1/5-ում, ներառյալ այն երկրները (Հոնկոնգ, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա), որոնք աշխարհի գլխավոր ֆինանսական կենտրոններից են, որպես ամենակոռումպացված ոլորտ նշվել է մասնավոր հատվածը (Աղյուսակ 1): Բարոմետրը նաև ցույց է տվել, որ հարցվողների կեսը ցանկանում է ակտիվորեն աջակցել մաքուր բիզնեսին (Աղյուսակ 2): Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հարցման ենթարկվածների 46-64%-ը պատրաստ է ավելի մեծ գումար վճարել կոռուպցիայից զերծ ընկերություններից ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:

Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրների ու տարածքների ավելի քան 73,000 մարդկանց շրջանում 2008թ. հոկտեմբերից 2009թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: 50 երկրներում այն անցկացվել է «Գելափ Ինթերնեշնլ»-ի «Հանրության ձայնը» ծրագրի շրջանակներում, իսկ 19-ում` այլ կազմակերպությունների կողմից: Հայաստանում հարցումն իրականացվել է հունվարի 25-ից մինչև փետրվարի 5-ը վրացական «Ջորջիըն Ըփինյն Ռիսըրչ Բիզնես Ինթերնեշնլ» (ԳՈՐԲԻ) կազմակերպության կողմից` 1000 անհատական հարցազրույցների միջոցով:

Մամուլի հաղորդագրություն