Ս. թ. հունիսի 1-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անց է կացրել մամուլի ասուլիս` ներկայացնելու նախորդ օրը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8-րդ ընտրատարածքի 33 տեղամասերում 50 դիտորդների իրականացրած ընտրական առաքելության նախնական գնահատականը: ԹԻՀԿ նախագահ Ամալյա Կոստանյանը նշել է.«Մենք ականատես եղանք Հայաստանում ընտրական համակարգի վախճանին որպես ինստիտուտ: Պարզվեց, որ փոխարենը կլանային և թաղային հեղինակությունների ինստիտուտն է ուժեղ և «գործուն»»:

ԹԻՀԿ-ի դիտորդները բացահայտել են հետևյալ ընտրախախտումները` լցոնում, ընտրողների ուղղորդում, կուտակումներ դրսում և ներսում, կողմնակի անձանց միջամտություն ընտրական գործընթացին, կեղծ անձնագրերով քվեարկում, կրկնակի քվեարկում, դիտորդների, վստահված անձանց, լրագրողների աշխատանքի խոչընդոտում և ահաբեկում, նրանց հանդեպ բռնի ուժի կիրառում, բաց քվեարկություն, անճշտություններ ընտրողների ցուցակներում, ընտրողների ցուցակի և կնիքի առևանգում և այլն:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրել է, թե ինչպես են փորձ արել իրեն կաշառել և ասել, որ չնայած բազմաթիվ ընտրություններում դիտորդական իր փորձին, ներկա ընտրություններն աննախադեպ էին:

ԹԻՀԿ-ի դիտորդական ընտրական առաքելության արդյունքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի արդյունքներն ամփոփելուց հետո: