Ս.թ. ապրիլի 25-ին, ժամը 12:00-ին «Հոդված #3» ակումբում (Թումանյան փողոց 26ա) տեղի կունենա iDitord.org ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը։ Այն ընտրությունների քաղաքացիական վերահսկողության բաց գործիք է, որը բոլոր քաղաքացիներին հնարավորություն կընձեռի գրանցելու Երևան քաղաքի ավագանու ս․թ․ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտնաբերված խախտումների, այդ թվում՝ վարչական ռեսուրսի չարաշահումների մասին հաղորդումները։ Կայքը կգործի նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը և բաց կլինի բոլոր քաղաքացիների ահազանգերի գրանցման համար։ Միջոցառմանը կարելի է գրանցվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ֆեյսբուքյան էջի այս հղումով` https://www.facebook.com/events/1321088131300205/։

Շնորհանդեսին հրավիրված են ընտրությունների անցկացման և վերահսկողության գործընթացներում շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Մուտքն ազատ է նաև բոլոր հետաքրքրված քաղաքացիների համար։ Միջոցառման լեզուն հայերեն է: