Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ վարչական ռեսուրսի չարաշահումն ազդեցություն է ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. խնդիրը չափերի մեջ է` ինչ չափով: ԹԻՀԿ-ը այս փուլում ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի չարաշահման մոնիտորինգի արդյունքները և վերլուծություն պատրաստում:

Ըստ Հոկտանյանի` լուրջ ու խոսուն փաստերն արհամարհվել են: «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության բացահայտած ձայնագրություններով, ինչը միջնորդավորված վարչական ռեսուրսի չարաշահում էր, հետևանք չեղավ: ՍԱՍ գրուպի մասով հայտնի ձայնագրությունը, որը փաստում է, որ ընկերության աշխատակիցները պարտադրված են եղել ձայներ հավաքագրել իրենց ղեկավար Արտակ Սարգսյանի համար, որը թեպետ գործադիր իշխանության ներկայացուցիչ չէ, ևս անուղղակի կերպով գործ ունենք վարչական ռեսուրսի չարաշահման հետ՝ որպես գործատուի: Հարցը ոչ թե երևույթի թույլտրելիության և ոչ թույլատրելիության, այլ պատժելիության մասին է:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով` երբ մարդկանց մոտ կա վստահություն, որ՝ մեկ է, իշխող ուժ է մնալու ՀՀԿ-ն, երբ ընտրությունները չեն բերում իշխանափոխության, պարարտ հող է վարչական ռեսուրսի չարաշահման համար: Նա մտահոգություն ունի, որ նույն իրավիճակը կարող է կրկնվել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական փուլում: Քաղաքացիների ինչ-որ տոկոս, որ չի գնա իրենց ղեկավարների հրահանգները կատարելու ճանապարհով, մեծ թիվ չի կազմի: «Կարևոր է հասկանալ, որ քվեախցիկում մարդիկ կարող են ազատ իրենց ընտրությունը կատարել»,- եզրահանգում է Հոկտանյանը:

Տես Lragir.am-ի նյութը: