Ս. թ. մայիսի 13-ից 14-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը և ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը մասնակցել են ամփոփիչ սեմինարի` ներկայացնելու հավաքների ազատության մոնիտորինգի բացահայտումների և փորձի տեսությունն ու պլանավորելու մոնիտորինգի իրականացումն ապագայում: Սեմինարն անց է կացվել հավաքների ազատության մոնիտորինգի ոլորտում իրավապաշտպանների կարողությունների զարգացման դասընթացի ծրագրի շրջանակում: Դասընթացը նպատակ ուներ աջակցել իրավապաշտպաններին դիտարկելու Հայաստանում հավաքների ազատության օրենսդրությունն ու միջազգային չափանիշների գործնականում կիրառումը:

Դասընթացի ավարտից հետո իրավապաշտպանները վեցամսյա ժամկետում իրականացրել են հանրային հավաքների մոնիտորինգ Հայաստանի տարբեր շրջաններում և դրա արդյունքներն ամփոփել զեկույցում:

Սեմինարը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ու Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ: Սեմինարի մասնակիցները ներկայացրել են մոնիտորինգի բացահայտումները, ներառյալ իրազեկման իրականացումը, կիրառված սահմանափակումները, հավաքների հասարակական կարգի պահպանությունը, պատժամիջոցների կիրառումը/ մասնակիցների ձերբակալությունները, հավաքների հետ վարվելու տեղական առանձնահատկությունները, հավաքների կառավարման բարելավումը:

Սեմինարի մասնակիցները նաև հանդես են եկել փորձի փոխանակությամբ, ներկայացրել են խնդրահարույց հարցերը, մոնիտորինգի ժամանակ ստեղծված բարդ իրավիճակների դիմակայումը` ոստիկանության հետ շփումները, ոստիկանության կողմից ձերբակալությունները, փաստաթղթերի ու նյութերի բռնագրավումը և այլ կողմերի հետ հարաբերությունները: Նրանք նաև քննարկել են դասընթացի գնահատումը, դրանում տեղ գտած բացերը, Հայաստանում մոնիտորինգի ապագան, այն շարունակելու վերաբերյալ ծրագրերը, մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների կարիքները: