Ս.թ. մայիսի 5-6-ին Պրահայում կայացած միջազգային գիտաժողովի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, որպես Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող հրավիրված փորձագետ, հանդես է եկել ժողովրդավարությանը, արդյունավետ կառավարմանն ու մարդու իրավունքներին նվիրված առաջարկություններով: Գիտաժողովի հիմնական նպատակը ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերների միջև երկխոսության ծավալման դյուրացումն էր և դրա դինամիկ զարգացմանն ուղղված հատուկ առաջարկությունները` այդ նախաձեռնության կարևորության, բովանդակության ու իրականացման վերաբերյալ:

Որպես Չեխիայի ԵՄ նախագահության` օրակարգից դուրս պաշտոնական հանդիպում, գիտաժողովը կազմակերպվել էր Միջազգային գործերի ընկերակցության կողմից` Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Արևելյան գործընկերության նախաձեռնության իրականացման և ապագա աշխատանքին վերաբերող առաջակությունների նախագիծը վերջնական տեսքի բերվեց լիագումար նիստին նախորդած աշխատանքային հանդիպումների ընթացքում: ԵՄ նախագահությունների, Արտաքին գործերի նախարարների և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին վերջնական առաջարկությունները ներկայացվեցին նիստի ավարտին: Գիտաժողովին մասնակցել են Արևելյան գործընկերության և ԵՄ անդամ երկրների ՀԿ 120 պատվիրակներ: