Գլխավոր էջ Նորություններ «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարանի մեկնարկը
Նորություններ
2017 Մար
23

«Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարանի մեկնարկը

Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորությունը բարձրացնելու նպատակով, «Փոլիսի Ֆորում Արմենիա» հետազոտական կենտրոնը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծել են  «Ընտրակեղծարարների պատ» վերտառությամբ տվյալների շտեմարան։ Հանրությանն այն հասանելի է http://transparency.am/hy/elections/falsifiers կայքէջում և  ներառում է  2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծարարության մեջ ներգրավված   72 անձանց  և  նրանց կատարած ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն։

Ընտրակեղծարարների ցուցակը ներառում է ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ինչպես նաև կողմնակի անձանց։ Ընտրակեղծարարների պատը պարունակում է  ընտրակեղծարարների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ մասնագիտությունը,  աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը, լուսանկարը,  ընտրատեղամասը, որտեղ կատարվել է խախտումը, ընտրախախտման նկարագրությունը, խախտման փաստով բողոքարկումը կամ քրեական գործի հարուցումը և ընթացքը՝ փաստարկված համապատասխան  տեսանյութերով կամ լուսանկարներով:  Այնտեղ օգտագործվել են  ինչպես «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների արձանագրած, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ընտրախախտումների դեպքերը և դրանց վերաբերյալ  իրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տվյալները։

Հիմնվելով մեր կատարած հետազոտության տվյալների վրա՝

  • հորդորում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` հիմք ընդունել ընտրակեղծարարների ներկայացված ցուցակը՝ բացառելու նրանց ներգրավումն ընտրական հանձնաժողովների կազմում և ընտրությունների հետ կապված որևիցե այլ դերակատարումը,
  • առաջարկում ենք լրատվամիջոցներին, դիտորդության մեջ ներգրավված կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր ընտրողներին օգտագործել սույն տվյալների շտեմարանը ապրիլի 2-ի Ազգային ժողովի, ինչպես  նաև հետագա ընտրությունների ընթացքում՝ բացահայտելու հիշյալ ընտրակեղծարարներին և պաշտպանելու ընտրական գործընթացները,
  • դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատներին և կազմակերպություններին, որոնք աջակցում են հետամուտ լինել Հայաստանում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ապահովելու գործին, հաշվի առնել «Ընտրակեղծարարների պատ»-ին գտնվող անձանց տվյալները՝ բացառելու նրանց որևէ ֆինանսավորման տրամադրումը, ինչպես  նաև քննարկել այլ պատժամիջոցների կիրառումը: