Ս.թ. մարտի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) մամուլի ասուլիսը «Հանրային գնումների համակարգի 2016-2017թթ. մոնիտորինգ. միջանկյալ արդյունքներ» թեմայով: Ասուլիսի ընթացքում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է 2016 թ. հոկտեմբերի 1-ից ԹԻՀԿ ՀԿ-ի կողմից իրականացվող ՀՀ հանրային գնումների համակարգի շարունակական մոնիտորինգի միջանկյալ արդյունքները` անդրադառնալով oրենսդրական զարգացումների, պետական գնումներին առչվող պաշտոնական կայքերի, մեկ անձից գնումների և բողոքարկման համակարգի մոնիտորինգին ու ԹԻՀԿ առաջարկություններին «Գնումների մասին» ՀՀ օրենքի և գնումների օրենսդրության վերաբերյալ:

Մոնիտորինգի ժամանակահատվածում օրենսդրական հիմնական զարգացումը «Գնումների մասին» նոր օրենքի ընդունումն է 2016թ. դեկտեմբերի 16-ին, որը ուժի մեջ կմտնի 2017թ. ապրիլի 25-ին: Նաև ՀՀ կառավարության 2017թ. փետրվարի 9-ի թիվ 104-Ն որոշումով, որն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 25-ին, փոփոխություններ և լրացումներ են կատարվել հանրային գնումները կանոնակարգող ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման մեջ, այդ թվում` ԵԱՏՄ երկրների արտադրության ապրանքների մատակարարման դեպքում այդպիսի ապրանքներ առաջարկող մասնակցին տրվող 15 տոկոս գնային առավելության վերաբերյալ դրույթը հանվել է:

Մեկ անձից կատարված գնումները 2016 թ. կազմել են ընդհանուր գնումների 17.7 տոկոսը, դրամային արտահայտությամբ՝ մոտ 16.5 մլն։ Ոչ օբյեկտիվ հիմքով կնքված պայմանագրերի թիվը հասնում է 3119-ի:

2016թ. նախորդ տարվա համեմատ 59 տոկոսով աճել են բողոքարկման դեպքերը։ Ամենից շատ դիմումներ ստացած պատվիրատուները Պաշպանության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանն են։

2015-ի համեմատ, հրապարակված պայմանագրերի թիվը կրճատվել է, ինչը լավ բանի մասին չի խոսում. եթե 2015-ին 164 պայմանագիր է հրապարակվել, ապա ներկայումս` 73:

Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ:
Լուսանկարն ու տեսանյութը` Մեդիա կենտրոնինն են: Մանրամասները` Մեդիա կենտրոնի տեսանյութում`

Տես ասուլիսի լուսաբանումը հետևյալ լրատվալիջոցներում`

azatutyun.am. ԹԻ․ 2016-ին ոչ-օբյեկտիվ հիմքով կնքված պայմանագրերի թիվն անցել է երեք հազարից
a1plus.am. Ամենաշատ բողոքները` ՊՆ-ին և Երեւանի քաղաքապետարանին. ԹԻ (տեսանյութ)
in.am. Ամենաշատ բողոքները ուղղված են ՊՆ-ին ու Երևանի քաղաքապետարանին. ԹԻՀԿ
aravot.am. Սամվել Ալեքսանյանի կինը` Շողիկ Ալեքսանյանը վարձակալությամբ տարածքներ հանձնելու առումով գերիշխող է
lragir.am Ֆիննախը վարձակալության պայմանագրերը կնքում է Սամվել Ալեքսանյանի կնոջ հետ