ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչներին: ԹԻՀԿ-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտի ուսումնասիրություն:

Ուսումնասիրության նպատակն է` վերհանել և գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը և տպագրությունը: ԹԻՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև ակնկալվող արդյունքներին: Մասնավորապես, ծրագրի իրականացման առաջին` հետազոտության փուլի ավարտին նախատեսվում է ունենալ հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն ամփոփող զեկույց:

Ծրագրի երկրորդ փուլի ընթացքում հնարավոր է տեղեկատվական պաստառների և/կամ թերթիկների պատրաստում, ինչպես նաև հետազոտության արդյունքների պարբերական հանրայնացում: Բացի այդ, ծրագրի արդյունքները կքննարկվեն շահագրգիռ կողմերի և շահառուների հետ այն մարզերում, որտեղ իրականացվել է ուսումնասիրությունը: Շահագրգիռ կողմերին կառաջարկվի համատեղ աշխատել օրենսդրական փոփոխությունների մշակման համար: ԱԺ խմբակցություններին և ՀՀ կառավարությանը կուղարկվի առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Նշվել է, որ ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց` 4-ը` Երևանում, 4-ը` մարզերում:

Մանրամասները` «Կրթություն» շաբաթաթերթում