«Մամուլի ակումբ» հաղորդաշարի ս.թ. ապրիլի 4-ի հաղորդումը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում նվիրված էր մարդու իրավունքներին Հայաստանում` հատուկ ուշադրություն դարձնելով վերջերս տեղի ունեցած նույնանուն կոնֆերանսի վրա: Հաղորդաշարը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը` (ԵՄԱ) Բաց հասարակության ինստիտուտի մարդու իրավունքների և կառավարման ցանցային ծրագրի աջակցությամբ: Հաղորդաշարը վարող ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի հյուրերն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և «Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Նրանք քննության են առել, թե ինչպես է մարդու իրավունքների իրավիճակը` մասնավորապես հավաքների ազատությունը և կրոնի ու խղճի ազատությունը ներկայացվել կոնֆերանսի ժամանակ: Քննարկումը տեղի է ունեցել ի հաջորդումն մարտի 19-20-ին կայացած կոնֆերանսի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանի` «Հայոց աշխարհ» օրաթերթում տպագրված հոդվածաշարի: