Արմնյուզ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «ՏԻՄատիկա» հաղորդաշարի ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին: Տիգրանյանի կարծիքով` սահմանադրության նոր դրույթների կարգավորումները չեն նպաստում ՏԻՄ-երի արդյունավետ աշխատանքի մոտիվացիային, համայնքի բնակիչներն օտարվում են և պահանջատեր չեն զգում իրենց ձևավորված մարմինների առջև: Համայնքի դերը կարծես թե նսեմացվում է: Արդյունքում` համայնքի անդամը ավելի ակտիվ ներգործություն չի ունենում համայնքի ձևավորած մարմինների վրա: Տիգրանյանը ներկայացրել է հետևյալ մտահոգիչ խնդիրները:

  • Լիազորությունների 4 տարվա փոխարեն ՏԻՄ-երն այժմ ընտրվում են 5 տարի ժամկետով:
  • Չկա սահմանափակում, թե նույն անձը քանի անգամ կարող է առաջադրել իր թեկնածությունը որպես համայնքի ղեկավար:
  • Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի համար տարիքային շեմը հանվել է:
  • Տեղական ինքնակառավարումը ձևակերպվում է ոչ թե որպես համայնքային նշանակության խնդիրները լուծելու համայնքի ունակություն, այլ որպես ՏԻՄ-ի ունակություն:
  • Համայնքի ղեկավարը պատասխանատու է ավագանու առջև, թեպետ ընտրվում է համայնքի բնակիչների կողմից ուղղակի քվեարկության միջոցով: