«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին, գնահատել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ՀՀ վարչապետի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումների կարևորությունը, արտահայտել է իր կարծիքը առաջիկա ընտրություններին ռեյտինգային ցուցակների վերաբերյալ:

Վարուժան Հոկտանյանը ԱՄՆ և ԵՄ դեսպանի քայլերը տեսնում է որպես յուրահատուկ նախազգուշացում: ԱՄՆ դեսպանն ազդանշան է ուղարկում` տեսնելով վարչապետին որպես քաղաքական դաշտում և մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ խաղացող, բայց այնպես չի, որ այդ աջակցությունը, դրական վերաբերմունքը մնալու է մինչև վերջ: Լինելու են նաև սպասելիքներ, որովհետև տրամադրվելիք գումարի ընդամենը 2,5 տոկոսը ծախսվելն ընկալվում է որպես նախազգուշացում:

Ըստ Հոկտանյանի` կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում առաջին քայլը պետք է լինի նորմալ ընտրություններ անցկացնելը, որին պետք է հաջորդեն տնտեսական մոդելի փոփոխությունը, իշխանության ճյուղերի միջև իրական զսպումների ու հակակշիռների մեխանիզմի ստեղծումը, որ խորհրդարանն իր դերը կատարի` չլինելով գործադիրի կցորդ, դատական իշխանությունն ու տարբեր մարմիններ իսկապես լինեն անկախ և ամենակարևորը` կոռուպցիոն բուրգը (երբ կաշառքը գնում է ներքևից վերև) ապամանտաժվի: