Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության քայլերը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկմանը: Նա անդրադարձել է ընտրողի վարքագծի փոփոխության կարևորությանը, նշելով` «Ներկա դրությամբ դիսկուրսի, գաղափարական պայքարի հարցեր առաջ չեն քաշվում, ինչը տխուր իրողություն է: Պոտենցիալ դիսկուրսի հարցը ԼՂՀ խնդիրն է, որը որոշ չափով կարող է դառնալ դիսկուրսի առարկա: Մնացած՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, կոռուպցիայի հարցերը կարծես թե դուրս են մնում դիսկուրսից»:

Ըստ Հոկտանյանի` ընտրողի վարքագիծը ընտրությունից ընտրություն ավելի պրիմիտավանում է, քանի որ դիսկուրսի արժանի գաղափարներ չեն առաջարկվում: Ընտրողը կարող է ասել՝ եթե իշխող կուսակցությանը չընտրեցի, մյուսներն ի՞նչ են առաջարկում, որ ընտրեմ: Սա վտանգավոր երևույթ է, որը եթե ապագայում էլ շարունակվի, կարող է բերել միակուսակցական համակարգի, ընդ որում՝ հենց ընտրողի հոգեբանությամբ: Այսինքն, եթե ընտրողը գա եզրակացության, թե ինչու պետք է այլ կուսակցությունների ընտրել, հաջորդ հարցն էլ կլինի՝ արդյո՞ք այլ կուսակցություններ պետք են Հայաստանին: «Մենք իսկապես գալու ենք ընտրողի միակուսակցականության հոգեբանությանը», -եզրակացնում է Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանը նաև նշել է, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակում դիտորդական առաքելությունն այս անգամ աննախադեպ է լինելու:

Քննարկման մյուս բանախոսներն էին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: